Search
Close this search box.

Թեժ գծից եկած զանգերը ձեր Աստվածաշունչը պետք է լինեն

Երևանի քաղաքապետի պաշտոնը, ինչպես ասում են, ուզուրպացրած Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակացության ժամանակ դեմելով աշխատակազմին ասում է. «Թեժ գծից եկած զանգերը ձեր Աստվածաշունչը պետք է լինեն»:

Ավինյանը նկատի ունի, որ թեժ գծի ահազանգերը պետք է կատարվեն այնպես հետևողականորեն, ինչպես հավատացյալ քրիստոնեան կատարում է Աստվածաշնչի պատվիրանները: Բայց, երբ մեկը իր ենթականերից պահանջում է մի բան, նախ ինքն իր օրինակով պետք է ցույց տա, թե ինքը որքան հետևողական է դրանց կատարման հարցում:

Փորձենք տեսնել և հասկանալ, թե Ավինյանը ինչպես է կատարում Աստվածաշնչյան պատվիրանները:
Սկսենք Աստվածաշնչյան 8-րդ պատվիրանից, որը մեղք է համարում գողանալը:

Ինչպես է իրականացնում «Մի գողացիր պատվիրանը» Ավինյանը: Վերջերս հայտնի դարձավ, որ Ավինյանը 2-3 միլոն դրամի պարգևավճար է ստացել քաղաքապետարանից: Ինչի համար է պարգևավճարը, որևէ պատճառաբանություն չկա: Սա, շատերի կարծիքով, հանրային միջոցների գողություն է, որը որևէ դատավոր կամ քննիչ այդպիսին չի որակի, քանի որ Ավինյանը գտնվում է իշխանական բուրգի գագաթին, և ասում են, որ իշխանության հրահանգով են քննիչներն ու դատարանները որոշում կայացնում կամ չկայացնում: Իրավական առումով գուցե դա գողություն չի, բայց մարդկային բարոյականության տեսակետից դա հանրային միջոցների գողություն է:

Ավինյանը կարող է, որոշում կայացնել և ինքն իրեն պարգևատրել ոչ թե 2 կամ 3 միլիոն դրամով, այլ օրինակ, 100 միլիոնով, կամ մեկ միլիարդ դրամով: Եվ դա դարձյալ օրինական կլինի այսպես կոչված Քրեական օրենսգրքի տեսակետից, բայց Աստվածաշունչը աստվածային բարոյականության մասին է:

Աստվածաշնչի վեցերորդ պատվիրանն ասում է`մի սպանիր: Մենք չգիտենք Ավինյանը անձամբ մարդ սպանել է թե ոչ, բայց մենք հաստատապես գիտենք, որ նա մի իշխանության ներկայացուցիչ է, որի գործունեության և անգործության հետևանքով սպանվել ու զոհվել են տասնյակ հազարավորներ: Սպանվել են կորոնավիրուսային համավարակի ժամանակ դրսևորած հանցավոր անտարբերության, անգործության և վատ կազմակերպված պայքարի արդյունքում: Այդ ժամանակ Ավինյանը հակահամաճարակային պայքարի շտաբի ղեկավարն էր:

Չորս հազարից ավելի երիտասարդ տղաներ են զոհվել պատերազմի արդյունքում, որը հրահրվել և պարտության է տարվել մի իշխանության կողմից, որտեղ Ավինյանը զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Սպանել, չի նշանակում միայն դանակը վերցնել և կտրել մեկի կոկորդը: Այդպես կարելի է սպանել մեկին,երկուսին: Այս տրամաբանությամբ Թալեաթն ու Հիտլերը ևս մարդասպաններ չեն: Բայց նրանց հրահանգով ու գործունեության արդյունքում սպանվել են միլիոնավոր անմեղ մարդիկ: Այնպես որ, լինելով իշխանական բուրգի ամենագագաթում, Ավինյանը,շատերի կարծիքով, ըստ էության իր շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրագործված բոլոր հանցագործությունների մասնակիցն ու հանցակիցն է:

Աստվածաշնչի 9-րդ պատվիրանն ասում է.«Քո հարևանի դեմ սուտ վկայութիւն մի՛ տուր», ըստ էության դատապարտելի մեղք համարելով ստախոսությունը: Լսելով Ավինյանի ելույթները, շատերը կարծում են, որ դրանք դեմագոգիայի և հրապարակային խաբեության բացառիկ նմուշներ են:

Ավինյանը, ըստ էության, զբաղված լինելով նախընտրական խոստումներ շաղ տալով՝շատերի կարծիքով, ստում և խաբում է երևանցիներին, նպատակ ունենալով նրանցից ձայն կորզել: Ճիշտ է, այդ խոստումների մեծ մասի սուտ լինելը վերջնականապես կբացահայտվի, եթե ինչ-որ հրաշքով Ավինյանին չհաջողվի ստանալ Երևանի քաղաքապետի պաշտոնը․ բայց երբ մեկը խոստանում է անել մի բան, որը նրա հնարավորությունների սահմանում չէ, ապա պարզ է, որ պետք չէ սպասել, որ դրանք չիրականանան, որ կարելի լինել ասել, թե դրանք սուտ են:

Օրինակ, երբ Ավինյանը փոխվարչապետ էր, Փաշինյանը հայտարարեց, որ մեկ տարվա ընթացքում 100 միլոն ծառ են տնկելու Հայաստանում: Պետք չէր սպասել, որ մեկ տարին անցնի, որ Փաշինյանի սուտը ակնհայտ դառնա, այդ սուտը արտասանելու պահին արդեն պարզ էր, որ նման բան չի կարող լինել:

«Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում». ասված է Աստվածաշնչի երրորդ պատվիրանում: Աստվածաշնչին անիմաստ հղում անելը Ավինյանի կողմից ևս մեկ պատվիրանի խախտում է:

Եվ ուրեմն մի ասեք բաներ, որոնք չեք անելու, մի պղծեք Աստվածաշունչը, եթե խախտելու եք պատվիրանները: Զբաղվեք ձեզ հասանելի և սիրելի գործով՝ երկիրն ու քաղաքը քանդելով և ոչնչացնելով, քանի դեռ ձեր ձեռքը չեն բռնել ու չեն պատժել ինչպես մարդկային, այնպես էլ աստվածային արդարադատությամբ:

Armlife.am