Search
Close this search box.

Հայ գործարարը մեղադրվում է խարդախության մեջ. նրա հետ առնչվել է նաև Հենրիխ Մխիթարյանը

«Դոնբասի արդյունաբերական միություն» (ԴԻՄ) ուկրաինական մետալուրգիական ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանը կալանավորվել է: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է փետրվարի 5-ին և մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ, տեղեկացնում է novayagazeta.ru:

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ քրեական գործը կարող է կապված լինել ԴԻՄ-ի նախագծերի համար բանկերից վերցված վարկերի հետ: Նշվում է, որ հնարավոր է՝ վարկերը դուրս են բերվել օֆշորային ընկերությունների միջոցով եւ հափշտակվել:

Օլեգ Մկրտչյանը Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկն է: Նրա անունը կապվում է նաեւ ռուսական «Արմավիր», «Կուբան», ուկրաինական «Ստալ» ակումբների հետ:

Նա եղել նաեւ Դոնեցկի «Մետալուրգի» ակումբի համահիմնադիրներից, որտեղ 2009-10 թթ. խաղացել է «Արսենալի կիսապաշատպան Հենրիխ Մխիթարյանը:

2013-ին, երբ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվում էր Դորտմունդի «Բորուսիա», նրա տրանսֆերային իրավունքների 50%-ը պատկանում էր Մկրտչյանին: Այն ժամանակ Հենրիխը գերմանական ակումբի պատմության ամենաթանկ գնումը դարձավ: Նրա դիմաց վճարեցին 27.5 մլն եվրո, որի կեսը բաժին հասավ հենց Մկրտչյանին:

Համաձայն «Ֆոկուս» ամսագրի՝ Օլեգ Մկրտչանը 2012 թ.-ին Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցրել է 14-րդ տեղը : Նրա կարողությունը գնահատվում է  1.25 մլրդ դոլար: