Search
Close this search box.

Մենք հավատում ենք, որ հայ-ադրբեջանական համաձայնությունը հասանելի է. Պետքարտուղարությունը՝ մոսկովյան հանդիպման մասին

Պետքարտուղարությունը մեկնաբանել է երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը՝ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

«Ինչպես գիտեք՝ մենք դրանց չենք մասնակցել, սակայն շարունակում ենք դա մեզ համար առաջնահերթություն համարել», — ասել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ հիշեցնելով մայիսի սկզբին Վաշինգտոնում կայացած հանդիպումները, որոնց մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է բանակցությունների շարունակմանը:

«Ինչպես արդեն ասացինք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը հասանելի է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրել երկու կողմերի վրա՝ միասին աշխատելու՝ համաձայնության հասնելու այն հարցերի շուրջ, որոնք մնում են չլուծված», — հավելել է Միլլերը:

Հիշեցնենք, որ Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

«Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետների հանդիպման շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ: