Search
Close this search box.

Մնում է` Ավինյանը հայտարարի, որ համակարգում է այլմոլորակայինների հետ կապերի հաստատման գրասենյակի աշխատանքը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանը քաղաքապետ չունի`ունի բուտաֆորիկ պաշտոնակատար: Տրամաբանական կլիներ, եթե Երևանի ավագանին հրաժարականից հետո կամ նոր քաղաքապետ ընտրեր, կամ կազմակերպվեին արտահերթ ընտրություններ, ինչը կլիներ միանգամայն օրինական և տրամաբանական:

Բայց իշխանությունը գնաց օրենքը խախտելու ճանապարհով` Երևանը փաստացի թողնելով առանց քաղաքապետ: Լևոն Հովհաննիսյանն ընդամենը փոխքաղաքապետ է, չնայած իբրև թե կատարում է քաղաքապետի պարտականությունները: Ինչու իշխանությունը գնաց նման ապօրինության: Բացատրությունը շատ պարզ է:

Տիգրան Ավինյանն իր գլխին չպետք է ունենա անմիջական վերադաս. Լևոն Հովհաննիսյանն իր կարգավիճակով հավասար է Ավինյանին. երկուսն էլ փոխքաղաքապետեր են, միայն մի տարբերությամբ՝ Երևանի փաստացի կառավարումը իրականացնում է Ավինյանը: Թե չէ Հրաչյա Սարգսյանի պարագայում մի քիչ անտրամաբանական էր ստացվում` կար ֆորմալ քաղաքապետ, բայց իրական քաղաքապետը Ավինյանն էր: Իսկ օրենքը խախտելով արտահերթ ընտրություններ չեն անցկացնում, որ այդ հինգ ամիսն Ավինյանը քաղաքապետի պաշտոնն օգտագործի ապօրինի քարոզարշավ իրականացնելու համար:

Ավինյանը դա չի էլ թաքցնում, ասելով՝ «Ես փոխքաղաքապետ եմ, որն ունի իր պարտականությունները` ես համակարգում եմ վարչական շրջանների աշխատանքը, համակարգում եմ շինբարեկարգման վարչության աշխատանքը, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի համակարգման աշխատանքը, մշակույթի վարչության աշխատանքը, տրանսպորտի վարչության աշխատանքը և էլի մի քանի բան»: Մնում էր հայտարարեր, որ համակարգում է այլմոլորակայինների հետ կապերի հաստատման գրասենյակի աշխատանքը:

Փաստացի Ավինյանը համակարգում է ամբողջ քաղաքապետարանի աշխատանքը, փորձելով քաղաքացիների հարկերից գոյացած գումարով իրականացվող աշխատանքը վերագրել իրեն, և տալ խոստումներ, որի իրավունքը ինքը փաստացի չունի: Վերջին խորհրդակցությունը, որտեղ Ավինյանը, հանդես գալով քաղաքապետի դիրքրերից, հայտարարում էր, որ այսուհետ փոսալցումը պետք է իրականացվի նույն օրը՝դա բեմականացված քարոզարշավի մի մասն է: Բեմականացում, որը կարելի է վերնագրել. «Ապագա քաղաքապետն արդեն այսօր խոստանում է լուծել տարիներ շարունակ անլուծելի թվացող հարցերը»: Երևանցիները նայում են Ավինյանի բեմականացրած շոուն և ոգևորվելու, ուրախանալու փոխարեն՝ զզվանք ապրում:

Այս մարդիկ արդեն հինգ տարուց ավելի իշխանության են, բայց շարունակում են մտածել, որ իրենց պետք է ձայն տան հանուն խոստումների, երբ իրենց իսկ ստեղծած իրականությունն առավել քան տեսանելի ու մերժելի է:

Իրենց իշխանության անցած մի քանի տարիների ընթացքում Երևանի և երևանցիների համար ոչինչ չանելով և ընտրություններից առաջ մի քանի փողոց ասֆալտապատելով կամ մի քանի մայթ սալիկապատելով, և դրա ֆոնին ֆանտաստիկայի ոլորտից խոստումներ տալով՝ իրենց թվում է, թե դառնալու են մարդկանց աչքի լույսը, ապագայի հույսը: Սրանց թվում է, թե մարդիկ հիշողությունից զուրկ կենդանիներ են, ովքեր ապրում և գործում են միայն այդ օրվա, այդ պահի զգացողություններով. եթե այսօր ինչ որ խոստում տվեցինք ու մարդիկ հավատացին դրան, իրենց հաղթանակը ապահովված է:

Հնարավոր է նաև, որ Ավինյանն այնքան էլ միամիտ չէ, և գիտակցում է իշխանության և իր իրական վարկանիշը, և շատ լավ գիտի, որ իրենք նույնիսկ եթե խոստանան Երևանը դարձնել Սինգապուր կամ Տոկիո, միևնույն է մարդիկ իրենց ձայն չեն տալու:

Հնարավոր է նաև, որ Ավինյանը հասկանում է, որ իրեն դավաճան համարող և երեսին ասող երևանցիները չեն ուզենա, որ հազարամյա պատմություն ունեցող Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետ դառնա դավաճանի պիտակ ունեցողը՝ այն դեպքում, երբ Երևանը ունեցել է իսկապես հայրենանվեր ու իրենց գործունեությամբ քաղաքում հսկայական հետք թողած քաղաքապետեր:

Փաշինյանական իշխանությունը գիտի, որ հետայսու իրենց որևէ խոստման, որևէ երդման չեն հավատալու, և իշխանությունը պահելու միակ գործիքը մնացել է կեղծիքը: Բայց նույնիսկ կեղծիքի և կեղծարարության գնալու համար պետք է ինչ որ քարոզչական ֆոն ապահովել, պետք է ինչ որ դրական մթնոլորտ ստեղծել, որ այդ կեղծիքը հնարավորինս աննկատ մնա, քիչ գրգռի: Բայց անկախ իշխանության ցանկություններից ու ձգտումներից, Երևանի ավագանու` քաղաքապետի ընտրությունները, ինչպես ցույց են տալիս տարբեր վերլուծություններ ու հարցումներ, լինելու են այս իշխանության վերջը, և գուցե դրանով պայմանավորված նաև իշխանությունը չի գնում արտահերթ ընտրությունների, գոնե ևս մի քանի ամսով երկարաձգելով իր այսպես ասած ողորմելի գոյությունը:

Armlife.am