Search
Close this search box.

Ինչո՞ւ են ադրբեջանցիները վախենում Քըլըչդարօղլուի՝ նախագահ ընտրվելուց

Shantnews.am-ը գրում է. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընրություններին մնացել է 6 օր: Ստամբուլում երեկ տեղի է ունեցել Ռեջափ Թայիփ Էրդողանի ընտրական շտաբի կազմակերպած՝ պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը:

Որո՞նք են եղել Էրդողանի հնչեցրած գլխավոր թեզերը, ի՞նչ պատկեր են արձանագրում վերջին սոցհարցումները և ինչպե՞ս են տրամադրված քվեարկել Թուրքիայի տարբեր էթնիկ համայնքները:

Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։

«Որքան մոտ է ընտրությունների օրը, այդքան ավելի քիչ են բանավեճերում օգտագործում քաղաքական և գաղափարական փաստարկները, և ավելի շատ դիմում են կենցաղային, ես կասեի՝ վուլգար գործիքներին: Այս հանրահավաքի ժամանակ Էրդողանի գլխավոր երեք փաստարկներն իր ընդդիմախոսի դեմ հետևյալն էին.

Առաջին փաստարկն այն է, թե իբր Քըլըչդարօղլուն պաշտպանում է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Էրդողանը հայտարարել է՝ մեջբերում եմ. «մենք կթաղենք նրանց, ովքեր ԼԳԲՏ համայնքին են աջակցում ընտրական տուփերում»:

2-րդ փաստարկն այն է, թե իբր Քըլըչդարօղլուն հարբեցող է և որ ժողովուրդը թույլ չի տա հարբեցողներին բեմահարթակ դուրս գալ։

«Պարոն Քեմալ, դուք կարող եք դույլերով խմել, ձեզ միևնույն է չեն բուժի, բայց ժողովուրդը ձեր պատասխանը կտա մայիսի 14-ին»,-ասել է Էրդողանը:

Եվ 3-րդ փաստարկը, թե իբր Քըլըչդարօղլուին սատարում են քրդական բանվորական կուսակցության գրոհայինները, կրկին մեջբերում. «մենք թույլ չենք տա, որ Քըլչդարօղլուն, ում աջակցում են ահաբեկիչները, կիսի մեր երկիրը մաս-մաս»:

Օրենքի համաձայն՝ քվեարկությունից 10 օր առաջ արգելում են հրապարակել սոցհարցումների արդյունքները, որպեսզի դրանք ազդեցություն չունենան մարդկային հոգեբանության վրա, բայց հրապարակված վերջին սոցհարցումների համաձայն՝ ճնշող մեծամասնությամբ Քըլըչդարօղլուն ավելի մեծ շանսեր ուներ հաղթելու՝ անգամ 55%-ից բարձր: Եվ գրեթե բոլոր սոցհարցումների արդյունքում 2-րդ փուլն անխուսափելի է:

Դե եթե օրենքն արգելում է սոցիոլոգներին այս օրերին իրենց վերլուծությունների արդյունքները հրապարակել, ապա բուքմեյքերներին օրենքը չի արգելում շարունակել իրենց աշխատանքը և հրապարակել խաղադրույքների արդյունքները։ Եվ ահա այդ արդյունքների համաձայն, պարզվում է, որ խաղադրույք անողների 57%-ը համարում է, որ Քըլըչդարօղլուն հաղթելու է »,- ասել է Արտյոմ Երկանյանը: