Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեր ժողովուրդը իշխանազրկելու է թքողներին»․ Մանե Թանդիլյան

«Մեր հայրենիքի մի մասը՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ և էթնիկ զտման վտանգի առաջ, իսկ Հայաստանը անհագուրդ թշնամու նշանառության տակ։ «Ապրելու Երկիր» կուսակցության երկրորդ հմագումարը ընթանում է մեր երկրի համար դժնդակ պայմաններում»,-այսպես սկսեց իր ելույթը «Ապրելու Երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Երկրի անկայուն, անվատանգային համակարգը խոցելի և անպաշտպան է դարձրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ իշխանությունների անհեռատեսության և անգործության հետևանքով։ Երբ երկրի 150 կմ քառակուսին գտնվում է թշնամու օկուպացիայի տակ ու շարունակվում են անհեթեթ հանգամանքներում զոհվել մեր հայորդիները, օրվա իշխանությունները զբաղված են իրենց գահավիժող վարկանիշը փրկելու գործով, սակայն ոչ կակաչները, ոչ սակուրաները այլևս չեն օգնելու։

Հայ ժողովուրդը գտնելու է լուծումներ այս իրավիճակից, որովհետև մեզ բնութագրում են ոչ թե մեր խնդիրները, այլ դրանց լուծումները, իսկ մենք խելացի և ունակ ժողովուրդ ենք։ Մենք վերականգնելու ենք այն ամենակարևորը, որն ընկած է առաջ գնալու կարողության հիմքում՝ դա հույսն է։ Մենք ունակ ենք վերականգնելու կորցրած հույսը, մենք ունակ ենք զարգացած և խելացի պետություն լինելու, մենք ունակ ենք այս բարդ տարածաշրջանում, ուր գտնվում է մեր հայրենիքը, տեր կանգնելու իրեն և այդ հույսը պատրանք չէ, դա նվիրում է և արհեստավարժություն, դա համառ հետևողականություն է։

Իսկ ինչպես հասնել այս ամենին, նախ պետք է գտնենք մեր հենման կետերը․ թվում է, թե 2020 թվականի պատերազմից հետո դրանք արդեն չկան, բայց դա այդպես չէ։

Երբ չգիտես որտեղից սկսել, պետք սկսել սկզբից, պետք է վերաիմաստավորել անցյալը, քաղել դասերը և սկսել սկզբից՝ օգտագործելով առկա բոլոր հնարավությունները, մեր հենման կետ պետք է դառնա մեր ինքնությունը, քրիստոնեական արժեքներն ու առաքինությունները, որոնց վրա պետք է կառուցենք մեր հայկական քաղաքակրթությունը, մեր հենման կետ պետք է դառնա մեր սփյուռքը՝ իր մարդկային ներուժով, մենք պետք է բացենք մեր դռները մեր հայրենակիցների առջև, խոսենք իրենց լեզվով, թույլ տանք նրանց իրենց կարողությունները ծառայեցնել մեր հայրենիքի հզորացման գործին և փոխել նախկին կարգը՝ «դուք մեզ փող, մենք ձեզ ոչինչ»։

Մեր հենման կետ պետք է դառնա գիտությունը, անվտանգությունը, այսպիսի հենման կետեր էլի կան, այդպիսի կետերի վրա «Ապրելու երկիր» կուսակցությունը վերագործարկելու է հզոր և խելացի պետության տեսլականը՝ հիմնված իմաստուն դիվանագիտության, մրցակցային առավելության և գիտելիքահեն անվտանգային համակարգի վրա»,-այսպիսի շեշտադրումներով կուսակցության հիմնադիր Մանե Թանդիյանը դիմեց ներկաներին ու հասարակությանը։

Իր ելույթում Թանդիլյանը կարևորեց նաև մայրաքաղաքի առաջիկա ընտրությունները, որին պատրաստվում է մասնակցել կուսակցությունը․ «Երևանը առաջնորդելու է երկրում քաղաքական գործընթացների փոփոխությունը և նաև Երևանում ենք իշխանազրկելու »Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությանը։ Թքողները պիտի հասկանան, որ խայտառակում են մեր պետությունը, խայտառակում են մեզ, մեր ժողովուրդը իշխանազրկելու է թքողներին»,- հընդգծեց Մանե Թանդիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում