Search
Close this search box.

Ուզում ենք փոխել հարաբերությունների որակը մի միջավայրում, ուր այլևս անվտանգ չէ. Սիմոնյան

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով։ Նման հայտարարություն է արել աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի և հրավիրյալ պատգամավորների, քաղաքական և հասարակական գործիչների հետ հանդիպում-քննարկման ժամանակ, տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Սիմոնյանը նշել է, որ հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, մի միջավայրում, ուր այլևս անվտանգ չէ:

ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից և մեծ թափով շարունակվում է անարգվել մինչ օրս:

Սիմոնյանը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 000 բնակիչ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ:

«Ադրբեջանի այս գործողությունը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասել է Սիմոնյանը՝ ընդգծելով, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշմանն Ադրբեջանը չի ենթարկվում. մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղում զոհվել է երեք քաղաքացի:
Նա նշել է, որ քննարկումից ժամեր առաջ ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող հայերի ուղղությամբ:

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Եզրափակելով խոսքը՝ նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի 14-հոգանոց պատվիրակությունը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, մարտի 27-30-ը գործուղվել է Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)։