Search
Close this search box.

Հնարավոր է առաջիկայում ստորագրենք ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր. Փաշինյան

Նախատեսվում է առաջիկայում ստորագրել Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող պայմանագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով առաքելության տեղակայումից հետո Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների նոր պայմանագրի ստորագրման հնարավորության վերաբերյալ հարցին:

Փաշինյանը նշեց, որ ԵՄ առաքելության թեման եղել է Շոլցի հետ իրենց քննարկման հարցերից մեկը: Հայաստանը շատ ուրախ է ու շնորհակալ կայացված որոշման համար:

«Այժմ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով: Բայց մենք ունենք նաև պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը, առաքելությունը կարգավորող պայմանագիր պետք է քննարկվի, բանակցվի և ստորագրվի: Եվ ես կարծում եմ նաև, որ մենք մոնիտորինգի առաքելության ներկայությունը կարգավորող փաստաթուղթ, հնարավոր է, ստորագրենք առաջիկայում, երբ կբանակցենք և ընդհանուր համաձայնության կգանք՝ համաձայնությունների, ձևակերպումների շուրջ»,-ասաց Փաշինյանը:

Շոլցն էլ ընդգծեց. « Շատ հպարտ եմ Հայաստանում ԵՄ առաքելությամբ, այն մեծ ներդրում է ունենալու: Մենք կզարգացնենք այդ առաքելությունը և կտեսնենք»:

Եվրամիությունը փետրվարի 20-ից Հայաստանում սկսել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում: Նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն: Ընդհանուր առմամբ, ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: