Search
Close this search box.

ԱՄՆ-ում հայ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը

ԱՄՆ-ում ՀՅԴ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը և կանգնեցնել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին իրազեկման ակցիա իրականացնող գովազդային վահանակներով փողոցներում շրջող մեքենան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Քրիստնե Վարդանյանը, ով նաեւ լուսանկար ու տեսանյութ է հրապարակել:

Ցուցարարների ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Նախագահ Բայդեն, դադարեցրու ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին», «Արցախն ուժեղ է», «Նախագահ Բայդեն, կանգնեցրու հայկական երկրորդ ցեղասպանությունը» եւ այլն:

Ցուցարարները վանկարել են. «Մենք հիշում ենք Գուրգեն Մարգարյանին». «Հայաստանը խաղաղություն է ուզում, Ալիեւը Երեւանն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Մենք հիշում ենք Սումգայիթը»:

Հիշեցնենք, որ 35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։