Search
Close this search box.

Ինձ ոգևերում են Լաչինի միջանցքի հարցով վերջին օրերի զարգացումները. Կլաար

Ինձ ոգևերում են Լաչինի միջանցքի հարցով վերջին օրերի զարգացումները։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Վերջին մի քանի օրերին որոշակի հետաքրքիր զարգացումներ եմ տեսնում։ Եվ հիմա ստացվեցին էլեկտրաէներգիայի և գազի վերականգնման մասին հաղորդումները։ Եվ այդ համատեքստում ես լիահույս եմ, որ գուցե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Եվրամիությունը հետևողական հանդես է եկել իրավիճակի ապաշրջափակման օգտին: Մենք տարբեր շփումներ ենք ունեցել և՛ կուլիսներում, և՛ հրապարակային։ Եվ ընդհանրապես, մենք հաստատ համոզված ենք, որ կարևորն այն է, որ Ղարաբաղի բնակչությունը, տեղի հայերը կարողանան իրենց ապահով զգալ այն վայրում, որտեղ ապրում են, և դրա համար կարևոր է, որ իրական երկխոսություն մեկնարկի Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Եվ դա է առաջ գնալու ճանապարհը՝ մարդկանց ներգրավելու, վստահություն ներշնչելու, որ ապագայի համար ապահով զգան այն վայրում, որտեղ ապրում են»,-հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

Ըստ նրա՝ ամենակարևորը Բաքվի և Ստեփանակերտի միջև իրական և տեսանելի երկխոսություն հաստատելն է։ «Եվ ես նաև շատ ոգևորված եմ այն փաստով, որ նախագահ Ալիևը վերջերս Մյունխենում շեշտեց այս կետը»,-հայտարարեց Կլաարը։ Կլաարի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ դա տեսանելի է ոչ միայն միջազգային հանրությանը, այլև առաջին հերթին՝ Ղարաբաղի բնակչությանը, որ որոշակի գործընթացներ են ընթանում։

«Արդեն երկու ամիս է անցել, շատ երկար ժամանակ է։ Բայց դա միայն հորդորների մակարդակում չի եղել։ Մենք ներգրավվել ենք թե՛ հրապարակային, թե՛ կուլիսներում։ Եվ ինձ ոգևորում են վերջին մի քանի օրերի որոշակի զարգացումները։ Ու հույս ունեմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ կընթանա»,-նշել է նա։