Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տոյվո Կլաարին. Ինչ են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը եւ գոհունակությամբ նշել ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների փաստը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարեւորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը եւ խաղաղությանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար, բնապահպանական եւ էներգետիկ ճգնաժամի հետեւանքներին: Վարչապետ Փաշինյանը շեշտել է Եվրոպական խորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ընդունած բանաձեւի կարեւորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: