Search
Close this search box.

«Փաստ». Ինչն է եղել իրականում Արայի լեռան վրա տեղի ունեցած դժբախտ դեպքի պատճառը. մանրամասներ

«Փաստ» թերթը գրում է. «Հունվարի 28-ին դժբախտ պատահարի հետևանքով Արայի լեռը բարձրացած արշավախմբի ղեկավարը և մեկ արշավական կոտրվածք են ստացել, արշավի մասնակից մեկ այլ աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանն էլ մահացել է ձնահոսքի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել դեպի Ծաղկեվանք ձգվող վիհում: Ձնահոսքի հետևանքով խմբի անդամներից վեց հոգի ձյան հետ լանջով սահել են ցած:

Ի սկզբանե տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, թե դեպքը տեղի է ունեցել արշավականների՝ ձյունամրրիկի մեջ ընկնելու հետևանքով: Սակայն երեկ ԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանը, ով անձամբ է մասնակցել փրկարարական աշխատանքներին, «Փաստ»–ին տեղեկացրեց, որ այնտեղ ձյունամրրիկ չի եղել:

Արշավական, մասնագիտությամբ զբոսավար Նաիրուհու մահվան պատճառը եղել է ձյան՝ ոտքի տակից սահելը, ինչի պատճառով նա, գլորվելով մոտ 150 մետր հեռավորության վրա, ցած է ընկել:

«Արևոտ, բարենպաստ եղանակ է եղել, պարզապես ձյան շերտը քանդվել է ոտքերի տակից: Դին հայտնաբերվել է խմբի կողմից: Ձյունը ոտքերի տակից փախել է, այնտեղ քարքարոտ է եղել: Հավանաբար քարերին հարվածելով, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել»,-նշեց Պետրոսյանը:

Ոտքի կոտրվածք ստացած խմբի ղեկավարը՝ Էդգար Նավասարդյանը, այժմ գտնվում է հիվանդանոցում: Այս պահին Ֆեյսբուք սոցիալական ցանցում դրամահավաքություն է կազմակերպվել նրա վիրահատությունն իրականացնելու և Նաիրուհի Սիմոնյանի ընտանիքին աջակցելու նպատակով: Պարզվում է, որ ավելի քան մեկ օր հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող և շտապ վիրահատության կարիք ունեցող երիտասարդին դեռ չեն վիրահատել: Մինչ բժիշկները սպասում են, նրա ընկերները հանգանակություն են սկսել:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: