Search
Close this search box.

Փաշինյանը դիմել է արցախցիներին

Հայաստանը շարունակում է բազմապատկել ջանքերը Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ հրապարակված ուղերձում։

«Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եղանակը»,– նշել է նա:
Փաշինյանը շեշտել է, որ միաժամանակ շարունակվելու են արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված հետևողական քայլերը: Ըստ նրա` այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք:

Այնուհետև Փաշինյանը դիմել է արցախցիներին։
«Սիրելի արցախցիներ, եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու: Համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին հանդիման մենք պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները: Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը, և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ»,– եզրափակել է նա: