Search
Close this search box.

Հայտնի են 15 զինվորի մահվան գործով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքները

Հայտնի են մեկ ամիս առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինվորի մահվան գործով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքները։

«Թմրաբանական փորձաքննությամբ ստացել ենք երեք անձի արդյունքները։ Երեքի դեպքում էլ նրանց արյան մեջ թմրամիջոց չի հայտնաբերվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ թմրաբանական եզրակացություններից մեկը հրդեհի պաշտոնական վարկածով գլխավոր գործող անձ, մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանինն է։ Նրա փաստաբանը նախօրեին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ կապիտանի արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել։

Թմրաբանական փորձաքննության մյուս երկու արդյունքները Գոռ Աբրահամյանի խոսքով՝ ժամկետային զինծառայողներինն է։ ՔԿ խոսնակը, սակայն, չբացահայտեց, թե որ զինծառայողներինն են դրանք։

Հիշեցնենք, որ հրդեհի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն էին տեղափոխվել կապիտան Եղիշե Հակոբյանն ու ժամկետային զինծառայողներ՝ Լյովա Խառատյանն ու Գարուշ Սարգսյանը։ Հրդեհի հետեւանքով եւս երկու ժամկետային զինծառայող էր վնասվածք ստացել, որոնք դեպքի օրը բուժօգնություն ստանալուց հետո՝ դուրս էին գրվել Վարդենիսի հոսպիտալից։

Մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, որն այրվածքներ էր ստացել, օրեր առաջ է վիրահատվել եւ դեպքից շուրջ մեկ ամիս անց ցուցմունք տվել։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում ցուցմունքից մանրամասներ է ներկայացրել։ https://news.am/arm/news/745326.html Հիշեցնենք՝ կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Հրդեհի հետեւանքով զոհված 15 զինվորի մահվան գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս երեք զինվորականներ, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 19–ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել։

Ըստ Քննչական կոմիտեի՝ կապիտանն այդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի եւ այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:

Կապիտանը օրվա հերթապահից ճշտելով հատկացված դիզելային վառելիքի եւ ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան եւ վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հրդեհի հետեւանքով մահացել է 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ, իսկ սպան եւ չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։