Search
Close this search box.

Ստամբուլում հնարավոր երկրաշարժը կգերազանցի նախկինում Թուրքիայում տեղի ունեցած աղետների կորուստները․ Hürriyet

Փորձագետները սպասում են, որ եւս մեկ երկրաշարժ կարող է տեղի ունենալ Ստամբուլում, որը կգերազանցի Թուրքիայի հարավ-արեւելքում կորուստները, գրում է Hürriyet թերթը։

Սեյսմոլոգներն արձանագրում են, որ Ստամբուլը գտնվում է Անատոլիական եւ Եվրասիական տեկտոնական սալիկների սահմանագծին՝ 15-20 կմ հարավ Հյուսիս- Անատոլիական բեկվածքի այն հատվածից, որն անցնում է Մարմարե ծովի տակով։

Այսպիսով, երկրաշարժը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների։

«Այլ կերպ ասած Քահրամանմարաշի երկրաշարժը Ստամբուլի երկրաշարժի գրեթե փորձն է»,- ասվում է հոդվածում։

Ստամբուլում 1 միլիոն 164 հազար շենք եւ 4,5 միլիոն բնակարան կա, որոնցից յուրաքանչյուրում միջինը 3,3 մարդ է բնակվում։ 7,5 եւ ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով սպասվում է, որ լրջորեն կվնասվի 13492 շենք, 39325 շենք մեծ վնաս կկրի։

Հայտնի է, որ Ստամբուլի շենքերի 70 տոկոսը կառուցվել է մինչեւ 2000 թվականը։