Search
Close this search box.

«Մենք դրսում ենք քնել, երեխաները՝ ավտոմեքենաների մեջ». ՊՆ նախկին շենքի բնակիչները երեխաների հետ գիշերել են շենքի մոտ

ՊՆ նախկին շենքից երեկ առավոտյան բռնի ուժով տարհանված բնակիչները շարունակում են մնալ շենքի մոտ, նրանք գիշերել են շենքի մոտ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վտարված բնակիչներից Անգելինա Էվանյանը:

«Խարույկ ենք վառել, մնացել ենք բակում, ներկա պահին էլ այստեղ ենք գտնվում: Ոտիկանություն լիքը մարդ կա այստեղ: Ո՞ւր գնանք, տեղ չունենք: Երեխաներին մեքենաների մեջ ենք քնացրել, մեքենաները միացրած ենք թողել, մենք էլ դրսում ենք քնել»,- պատմեց բնակիչը:

Նա ասաց, որ շենքում այս պահին հարյուրից ավելի ոստիկաններ կան. «Ոստիկաններն ասում են՝ եկեք, ձեր ապրանքը տարեք, շենքը քանդում ենք: Մենք այստեղից տեղ չունենք գնալու, ապրանքը հանենք ուր տանենք»:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։