Search
Close this search box.

30 տարի առաջ․ Գաղտնի նամակ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Տարոն Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

30 տարի առաջ այս օրը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի (ԳԽ) նախագահությունը (մեծամասնությունը ՀՅԴ անդամներ էին) հերթական գաղտնի նամակը հղեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ներկայացնում եմ հատվածներ նամակից.

«…Ցավոք, Հայաստանում նախագահական կառավարական ձև մտցնելուց հետո նկատելիորեն փոխվել է Հայաստան-Արցախ փոխհարաբերությունը։ Ժողովրդի կողմից ընտրված ԼՂՀ իշխանությունը վստահության չի արժանանում Ձեր կողմից, որի մասին դեռևս 1992թ. հոկտեմբերին մենք ուղղակիորեն ասել ենք Երևանում ԼՂՀ ԳԽ-ի նախագահության հետ Ձեր ունեցած հանդիպման ժամանակ։ Դուք, պարոն նախագահ, օգտագործելով տնտեսական և ռազմական գործոնները, Արցախում իրականացնում եք մի քաղաքականություն, որի հետևանքով քայքայվում են ԼՂՀ իշխանության կառույցները, ինչը կհանգեցնի Արցախի կորստյանը։ Դիմելով Ձեզ, լիահույս ենք, որ Դուք կձեռնարկեք համապատասխան քայլեր նման գործելակերպը դադարեցնելու ուղղությամբ։ Ներքաղաքական հակադրության շարունակումը կարող է լուրջ կերպով վատթարացնել առաջին հերթին ռազմական իրավիճակը, և դրա համար ամբողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր նպաստել են հակադրությանը ու միջոցներ չեն ձեռնարկել նման քայլերը կասեցնելու ուղղությամբ։

Պարոն նախագահ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքների բերումով ՀՀ ժողովուրդը հայտնվել է կարիքի և թշվառության մեջ, դարձել հեշտ կառավարելի։ Նրան դժվար չէ հրամցնել այն հեթեթությունը, իբր բոլոր չարիքի աղբյուրը Արցախի հիմնահարցն է, և բավական է թոթափել այդ «բեռը», և հայությունը կհայտնվի դրախտի մեջ։ Հարցը ո՞րն է։ Կարելի է զոհաբերել Ղարաբաղը, և հազարամյա պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ Արցախը հանուն մեծ նպատակի դիմել է ինքնազոհաբերման։ Սակայն կոնկրետ պարագայում դա կլինի միայն համազգային մեծ պարտությունների սկիզբը։ Չպետք է մոռանալ, որ ներկայումս, ուզում ենք դա, թե ոչ, Ղարաբաղը ստանձնել է հայության բարգավաճման կամ կործանման դերը։ Մեր ժողովուրդը, իրեն չկտրելով ազգից, ընտրել է ազատության և անկախության ուղին ու պատրաստ է հավատարիմ մնալ դրան։ Ուստի, մեր խորին համոզմամբ, Հայաստանն ու Արցախը պետք է ունենան և կենսագործեն համաձայնեցված տնտեսական, ռազմական և քաղաքական ռազմավարություն, որի անհրաժեշտության մասին մենք բազմիցս խոսել ենք Ձեզ հետ։