Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Սարգիս Հացպանյանին կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պաշտպանության նախարարությունում քննարկվել է Սարգիս Հացպանյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու հարցը։

ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ չնայած հանգամանքին, որ Սարգիս Հացպանյանի կնոջ՝ Հասմիկ Պողոսյանի ներկայացրած նամակում բացակայել է պանթեոնում հուղարկավորելու համար անհրաժեշտ ընթացակարգի գլխավոր՝ զոհվածի կամ մահացածի անցած մարտական ուղին հիմնավորող փաստաթուղթը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, գիտակցելով, որ նշված հիմնավորումները ներկայացնելը կարող է որոշակի ժամանակ պահանջել, ինչը, տվյալ հանգամանքում խնդրահարույց է, ինչպես նաև հաշվի առնելով Սարգիս Հացպանյանի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան պատերազմի լուսաբանման, Լեռնային Ղարաբաղի համար բարեգործական տարաբնույթ միջոցառումների կազմակերպման հարցերում, թույլատրել է հուղարկավորությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանն էլ Aravot-ի հետ զրույցում նշել էր. «ՀՀ Նախագահին դիմել են այդ հարցով և, հաշվի առնելով պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորումները, Նախագահը հանձնարարել է դրական լուծում տալ այդ հարցին»: