Search
Close this search box.

Զվարթնոց օդանավակայանում մանղալի մեջ թմրանյութ տեղափոխողները ձերբակալվել են

SHAMSHYAN.comի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հունվարի 26-ին, «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» օդային բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննության արդյունքում խոշոր չափի թմրամիջոց հայտնաբերելու փաստով։

Նշված ծառայությունները օպերատիվ տեղեկությունների արդյունքում զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 21-ամյա Ալեքս Ավասաֆիի և Երևան քաղաքի Վրացական փողոցի բնակիչ, 20-ամյա Լիզա Հարությունյանի կողմից արտահանվող առաքանին՝ խորոված պատրաստելու համար սարքը։

Զննման արդյունքում նշված սարքի միջից հայտնաբերվել են 2 հատ մետաղական դետալներ, որոնց մեջ թաքցված են եղել շուրջ 7 կգ և 1 կգ կշիռներով մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Հայտնաբերվածը ենթարկվել է փորձաքննության, և պարզվել է, որ այն առանձնապես խոշոր չափերով՝ 7597.45 գրամ հաստատուն կշռով «ափիոն» տեսակի թմրամիջոց է։ Ա. Ավասաֆը և Լ. Հարությունյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

Ա. Ավասաֆը սովորում է Երևանի Պետական բժշկական համալսարանում, իսկ ապրանքը արտահանվում էր Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաք։