Search
Close this search box.

Մոսկվան Երեւանի համաձայնությամբ լուծարում է Բերձորի արտատարածքային միջանցքի կարգավիճակը

Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Բաքվի դեմ հայց է ներկայացրել Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում, Բերձորի արտատարածքային միջանցքի արգելափակման հարցով։ «Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների ցույցերին, որոնք խաթարում են ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը՝ երկու ուղղությամբ»՝ ՀՀ-ն դատարանին ներկայացրել է այս միջանկյալ պահանջները նախքան վճռի հրապարակումը:

Նիատին Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ադրբեջանը ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին հաստատել է, որ չի պարտադրել և չի կարող շրջափակել Լաչինի միջանցքը, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Ցուցարարները պարբերաբար հայտնում են, որ ճանապարհը փակելու նպատակ չեն հետապնդում։ Փաստորեն, ակցիայի վայրով անցնում են տասնյակ մեքենաներ և բեռնատարներ։ Մինչ ես այստեղ խոսում եմ, 19 հոգի Կարմիր խաչի ուղեկցությամբ մեքենայով անցան միջանցքով»։

Սա Պուտին-Ալիեւ-Փաշինյան կրկեսի շրջանակում Լաչինի 5 կմ լայնությամբ արտատարածքային միջանցքի կարգավիճակը վերացնելու այն մեխանիզմն է, որի մասին պարբերաբար զգուշացնում էինք։ Ինչ է այն ենթադրում՝ Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը չի փակել միջանցքը եւ «կողմերի հետ բանակցություններ է վարում փոխզիջումների միջոցով խնդրի շուտափույթ կարգավորման համար», այն է՝ Բաքվի պայմաններով արդեն ոչ 5 կմ լայնությամբ «ճանապարհը բացելու» համար (տես ՌԴ ՊՆ ամենօրյա հաղորդագրությունները), Հայաստանը բոլոր ատյաններում ու պաշտոնական հաղորդագրություններում արձանագրում է «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման» մանթրան, Ռուսաստանին խնամքով հանելով նրա իսկ հեղինակած նոյեմբերի 9-ի թղթով սահմանված պարտավորություններից ու պատասխանատվությունից, Բաքուն էլ հայտարարում է այն, ինչ ասել է ՄԱԿ դատարանում նրա ներկայացուցիչը, եւ իր ասածը հիմնավորում է կոնկրետ փաստերով։ Հետո Նիկոլը զանգում է Վովային, քննարկում են «եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը»։

Այս ընթացքում Մոսկվան Երեւանի համաձայնությամբ եւ Բաքվի միջոցով հետեւողականորեն իրականացնում է իր ծրագիրը․ լուծարում է արտատարածքային միջանցքի կարգավիճակը եւ այն հանձնում Բաքվի լիակատար իրավասության։ Արդեն տեղադրված են երեք անցակետեր՝ միջանցքի երկու մուտքերն արգելափակել են «խաղաղապահները», իսկ Շուշիի մոտ՝ Բաքվի «էկոակտիվիստները» ռուս «խաղաղապահների» հուսալի պաշտպանությամբ։ Մեքենաները, ուղեւորներին ստուգում են, նրանց ցուցակները հաստատվում են Բաքվում։ Սա «միջանկյալ» քայլն է։

Ռուսների նպատակն Արցախը Հայաստանի Հանրապետության մնացած տարածքից ֆիզիկապես կտրելն է: Սպասվող «միջոցառումներին» արդեն անդրադարձել ենք․ անցակետերը լիարժեք ֆիլտրացիոն գոտիներ են, անձնագրային ռեժիմի ներդրմամբ։ Կֆիլտրեն կամ կձերբակալեն Բաքվի եւ Մոսկվայի տեսակետից վտանգավոր եւ նրանց «ցուցակներում» ընդգրկված անձանց՝ այդ ցուցակների առկայության մասին խոսվում է արդեն պաշտոնական մակարդակով։ Կարգելեն միջազգային կազմակերպությունների մուտքը Արցախ առանց Բաքվի պաշտոնական թույլտվության, համաձայնեցված օրակարգով եւ ուղեկցության (մանրամասն՝ այստեղ)։

«Ճանապարհն» արդեն գործելու է այդ ռեժիմով՝ «կյանքի ճանապարհը բաց է»։ Խոսքը ընդամենը գետտոյի հետ կապի ռեպրեսիվ ռեժիմ հաստատելու մասին է։ Գազը կմիացնեն-կանջատեն, «մարդասիրական շարասյունները» կանցնեն, Բաքուն էլ կնկարի ու ցույց կտա, որ ոչ մի շրջափակում չկա։ Ռուսական «խաղաղապահ» զորակազմն արդեն անցել է օգտակարը հաճելիի հետ համատեղելուն՝ հայերից գումարներ են պահանջում բեռներ տեղափոխելու, այլ հարցեր լուծելու համար։

Միջազգային հանրության կողմից Ռուսաստանի պատասխանատվության արձանագրումները չեզոքացվում են ՀՀ իշխանությունների ջանքերով, այդ թվում՝ միջազգային ատյաններին պաշտոնական դիմումներում։ Տվյալ դեպքում՝ միջանցքի արտատարածքային կարգավիճակը վերացնելու համար։ Քպ-ն ու նրա հենակ «ընդդիմությունը» սպասարկում են Արցախի պաշարման եւ լավագույն դեպքում գետտոյացման թշնամական ծրագրերը՝ «հումանիտար աղետի», «կյանքի ճանապարհի» նվնվոցով, չեզոքացնելով քաղաքական կարգավորման, կարգավիճակի եւ դեօկուպացիայի խնդիրների քննարկումները եւ պահանջները։
lragir.am