Search
Close this search box.

Ովքեր են կանգնած Ուկրաինայում հայազգի գործարարի մահափորձի հետևում

Այսօր Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի շրջանային խորհրդում տեղի է ունեցել խորհրդի տարեկան նիստ, որին մասնակցել է նաև Ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Օլեգ Զոլոտոնոշան:

Զեկույցից հետո պատգամավոր Յարոսլավ Գրիշինը Զոլոտոնոշայից հետաքրքվել է, թեարդյոք բացահայտվել է նախորդ տարի՝ հոկտեմբերի 2-ին Զապորոժյեի հայ համայնքի ղեկավարի սպանության փորձը, որը տեղի էր ունեցել հայերի միության գրասենյակի մոտ:

Հարցին ի պատասխան Օլեգ Զոլոտոնոշան նշել է. «Դուք շատ տեղեկացված պատգամավոր եք և թույլ տվեք պատասխանել Ձեր հարցին հետեւյալ կերպ. անցյալ տարի եւ այս տարվա հունվարին Զապորոժյեի  տարածաշրջանում կատարված հանցագործությունները բացահայտվել են 100 տոկոսով՝ շնորհիվ շրջանի իրավապահ մարմինների աշխատանքի: Ես պատասխանեցի Ձեր հարցին: Սա  է ամենը, ինչ կարող եմ ասել»:

Սակայն պատգամավոր Գրիշինը, անդրադառնալով այս կարևոր հարցադրմանը, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ  գործարար Արտաշես Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու գործով ձերբակալվել են երեք կասկածյալ, ովքեր Օդեսայում բիզնեսմենի վրա մահափորձ իրականացնելու կասկածանքով հետախուզվում էին:  Ձերբակալված վարձու մարդասպաններն այժմ գտնվում են Զապորոժյեի քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ գործարար Արտաշես Սարգսյանի վրա հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ վերջինս պատրաստվում էր մտնել իր գրասենյակ: Դիպուկահարի կրակոցից նրան փորձել է պաշտպանել թիկնապահը, սակայն կրակոցից խուսափել չի հաջողվել: Գնդակը վնասել է գործարարի ստամոքսը: Գործարարը լուրջ վնասվածք չի ստացել, իսկ նրա թիկնապահը մինչ այս պահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Տարածքում գտնվող տեսախցիկները ֆիքսել են գործարարի վրա կրակոցի պահը և այն, թե ինչպես է դիպուկահարը դեպքի վայրից հեռանում արտասահմանյան համարանիշ ունեցող մեքենայով: