Search
Close this search box.

Բաքվի բանտում Լապշինին անվանել են «հայ մարմնավաճառ», իսկ ատամը հեռացրել առանց անզգայացման

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հարցազրույց է տվել ադրբեջանական «Туран ТВ» հեռուստաալիքին, որի ժամանակ պատմել է Բաքվի բանտում անցկացրած օրերի և ադրբեջանցի բժիշկների վերաբերմունքի մասին:«Ընդհանուր առմամբ, բուժսպասարկումը տանելի էր: Փառք Աստծո, որևէ լուրջ հիվանդություն չստացա բանտում: Ատամների հետ կապված խնդիր ունեի, հավանաբար, վատ սննդի պատճառով: Ինձ տարան ատամնաբույժի մոտ, ատամներս հեռացրին առանց անզգայացման, և բժիշկը քմծիծաղով ասաց, որ «Հայաստանի համար լրտեսողներին անզգայացում չի հասնում»»,- պատմել է Լապշինը:

Բլոգերը նաև հավելել է, որ Բաքվի բանտում հարևան խցիկներից նրան «հայ մարմնավաճառ» են անվանել և բազմիցս իր հասցեին սպառնալիքներ հնչեցրել: Նրա տեղեկացմամբ՝  միայն վերջի օրը չի ենթարկվել խոշտանգումների:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:

Այնուհետև նրան հանձնեցին Ադրբեջանին, որտեղ նա դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, իսկ հետո Ադրբեջանի նախագահի հրամանով բլոգերին ներում շնորհվեց։