Search
Close this search box.

Բիշքեկում 15 մարդ է մահացել անոմալ ցրտերի հետևանքով

Հունվարի սկզբից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում 15 մարդ է մահացել ցրտահարության հետևանքով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

«Հունվարի մեկից մինչև 25-ը, դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն, ցրտահարությունից մահացել է առանց մշտական բնակության վայրի 15 անձ», – հաղորդել է մամուլի ծառայությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ անոմալ ցրտերի պատճառով Բիշքեկի իրավապահ մարմիններն ամենօրյա ստուգումներ են իրականացնում՝ փողոցներում սառող մարդկանց հայտնաբերելու համար, որոնք այնուհետև տեղափոխվում են սոցիալական ապաստարաններ:

Նշվում է, որ չորեքշաբթի Ղրղզստանի ԱԻՆ-ը երկրի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազեցման հետ կապված փոթորկի նախազգուշացում է տարածել: Օդերևութաբանների տվյալների համաձայն՝ հունվարի 26-ին հանրապետության լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել -45 աստիճանի:
Ղազախստանում անոմալ ցրտերի հետևանքով  բազմաթիվ կենդանիներ են սատկում. երկրի բնակիչները տարբեր վայրերում գտնում են կենդանիների սառած մարմիններ:

Հայտնի է, որ 2018 թվականի հունվարին Ղազախստանում օդի անոմալ ցածր ջերմաստիճան է արձանագրվել. ջերմաչափի սանդղակն իջել է մինչև -45 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, ինչի հետևանքով երկրի բազմաթիվ բնակիչներ ստիպված են եղել դիմել բուժօգնության համար: