Search
Close this search box.

Վաղվա հաղթանակը շատ մոտ է. Բագրատ Սրբազան

Վաղվա հաղթանակը շատ մոտ է: Այս մասին հայտնել է Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ: Նա նաև ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը:

«Այն պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ ու ընդունակ, բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդկանցով՝ հնարավորություն տալով, անկախ մարդկանց կուսակցական պատկանելիության, ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ: Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտության մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա»:

Սրբազանի խոսքով՝ մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ:

«Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով: Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը»,-հայտարարել է նա:
Բագրատ Սրբազանի խոսքով՝ պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերությունների համար` ներգրավելով բոլոր կարող ուժերը ՀՀ-ի և Սփյուռքի կյանքի զարգացման մեջ` թե՛ ներքին, թե՛ արտաքին մակարդակով:Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները` կլինեն դիվանագետներ, զինծառայողներ, պետական ծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր ինքնակամ հեռացել են կամ անարդարացիորեն հեռացել են աշխատանքից նույնիսկ մեկ լայք դնելու պատճառով:
«Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման փուլ, ուղղակի անհրաժեշտություն է մեր ապաքինումը՝ հոգևոր ապաքինումը: Զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգով»,- նշել է Սրբազանը։

«Պետք է բանտերից ազատ արձակվեն քաղաքական հայացքով բանտարկված բոլոր անձինք: Ինչպես նաև` ամբողջ ջանքը ներդրվի` վերադարձնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու մյուս գերեվարված տղաներին: Պետք է զարգացնել և մշակել նոր ռազմական դոկտրին»,- ընգծել է Բագրատ Սրբազանը։

Սրբազանը հայտնել է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել. «Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ Հայոց հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով, և բնականաբար մեր ժողովրդի ցանկությամբ։ Սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք են և անհրաժեշտ են իրավաբանների հետ քննարկումներ, որոնք, վստահ եմ, երկու օրվա ընթացքում կհստակեցվեն և կներկայացվեն ձեզ»։