Search
Close this search box.

«Փաստ». Վերջին տարիներին Հոռոմում 15–20 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մոտավոր հաշվարկներով Շիրակի մարզի Հոռոմ համայնքում 15–20 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: «Փաստ»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Աշոտ Պասկեւիչյանը:

Նրա կարծիքով՝ միայն աշխատանքի բացակայությունից չէ, որ մարդիկ լքում են հայրենիքը:

«Կան շատ ավելի նեղ ապրողներ, որոնք մնացել են: Կան շատերը, որ տարվա մեծ մասը դրսում են փող աշխատում, բայց էլի այստեղ են ապրում եւ իրենց հարկային պարտավորությունները կատարում են»,-ասաց նա:

Այստեղ արդեն տեղյակ են, որ հողային նոր օրենսգրքով, երբ քաղաքացին զրկվում է կամ հրաժարվում է քաղաքացիությունից, մեկ տարի անց կորցնում է սեփականություն հանդիսացող գյուղացիական նշանակության հողատարածքը: Ըստ նախագծի՝ անձը պետք է 1 տարվա ընթացքում վաճառի իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը: Եթե չի վաճառում, կատարվում է հարկադիր վաճառք, ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը: Հակառակ դեպքում հողատարածքը վերածվում է պետական սեփականության:

Պասկեւիչյանն ասաց, որ քաղաքացիությունից հրաժարվածներից ոչ ոք չի հետաքրքրվել՝ իր գյուղացիական նշանակության հողակտորից զրկվելու մասին տեղեկությամբ: Գնահատելով նախագիծը, նշեց, որ երկու կողմից էլ մտածելու տեղիք է տալիս: Մի կողմից քաղաքացին հրաժարվում է քաղաքացիությունից, այլ երկրում բարվոք ապրում է, իսկ սեփական երկրում մյուս քաղաքացին ապրուստի միջոց չունի:

«Մի կողմից ճիշտ է: Մերն աճող գյուղ է, ինչո՞ւ չպետք է աճող ընտանիքը օգտվի դրանից: Մի կողմից էլ մեր հայրենակիցների կապն է կտրվում հայրենիքի հետ»,-շեշտեց նա:

Սյունիքի մարզի Սյունիք համայնք նույնպես այս լուրն արդեն հասել է: Սա այն բնակավայրերից է, որտեղ արտագաղթը տարել է գյուղացիների մեծ մասին:

«Դա վատ բան է, մարդուն զրկում են այստեղ ունեցած մի կտոր հողից, մի հույսից»,-ասացին տեղացիները»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: