Search
Close this search box.

Քո ղեկավարած պաշտպանության համակարգում ո՞նց իմ երեք տղային ճամփեմ ծառայության. ԵՊՀ դասախոսը՝ Պապիկյանին

ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը հրապարակել է Սուրեն Պապիկյանի լուսանկարն ու գրառում արել:

«Քո ղեկավարած պաշտպանության համակարգում ո՞նց իմ երեք տղային ճամփեմ ծառայության։

Դու իրավիճակին չես տիրապետում, դու ի՞նչ խղճով ես էդ պատասխանատվությունն ուսերիդ վերցրել։

Քո ղեկավարի համար բանակն առաջնահերթություն չէ, իր իշխանությունն է առաջնահերթություն, իր կայֆեր են առաջնահերթություն։ Ի՞նչ եք ուզում մեզնից։

Դու տեղյակ չէի՞ր, որ ինժեներասակրավորային վաշտը լքված տան մեջ ա տեղակայված։ Տեղյակ չէի՞ր, որ ջեռուցումը այնտեղ վառարանով են անում… վառարանով… մի տեղ, որտեղ պայթուցիկ նյութեր կարող են լինել։ Եթե տեղյակ չէիր, ուրեմն իրավիճակին չես տիրապետում։ Եթե տեղյակ էիր, բայց փող ու հրաման չես տվել, ուրեմն… չասեմ ինչ ես։

Դու հասկանում ե՞ս, որ 5000-ամյա պատմություն ունեցող ժողովրդի ԶՈւ ես ղեկավարում, կոլխոզ չես ղեկավարում։

Հեռացե՛ք, գնացե՛ք, թող լույս բացվի էս երկրի վրա…»,-նշել է Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։