Search
Close this search box.

Ծնողները չեն հավատում, որ իրենց զինվոր որդին իրեն պատուհանից դուրս է գցել

Երբ երևանցի Հովհաննես Հովհաննիսյանը գնաց Ասկերանի զորամաս, որդուն՝ 18 տարեկան նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանին տեսնելու, նրան տարան, կանգնեցրին այն պատուհանի տակ, որից ընկել էր որդին: «Ես մենակ տեսա երկրորդ հարկի պատուհանը ու տակը, գետնին կլոր շրջանակով արյուն էր թափված: Եթե իմ տղան վատ վիճակում էր, ինչո՞ւ ինձ շուտ չէին ասում, ես կգայի, մի բան կանեյինք»,- վրդովվում է հայրը:

Նրան զանգել են միայն դեպքի օրը՝ հունվարի 18-ին և տեղեկացրել են, որ որդին վատ հոգեվիճակում է: Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ԼՂՀ ՊԲ մի զորամասից Մուրացանի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել նորակոչիկ զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանին, որը հունվարի 18-ին իրեն ցած է նետել պատուհանից: Նա բազմաթիվ մարմնական վնասվաքներ ունի:

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը չմանրամասնեց դեպքը: Նախարարի խոսնակը ընդամենը ֆեյսբուքյան գրառմամբ հաստատեց, որ զինվորը ինքնախեղման փորձ է կատարել. «Ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է, ընթանում է քննություն»:

Նույն օրը ԶԼՄ-ներով տարածվեց, որ հունվարի 12-ին զորակոչված Էռնեստը առաջին իսկ օրից չի ցանկացել ծառայել բանակում, որ նույնիսկ հայտարարել է՝ «կփրթի վեննեքս, բայց չեմ ծառայի», և որ վերջին շաբաթը նրա հետ աշխատել են բանակի հոգեբաններն ու իրավաբանները: Ոչ մի այլ վարկած չշոշափվեց, ինչը հիմք է ծառայում ենթադրելու, որ դեպքի նման մեկնությունը միևնույն՝ պաշտոնական աղբյուրից է հոսում և որ ցանկություն կա կատարվածի պատասխանատվության սլաքներն ուղղել զինծառայողի դեմ:

Էռնեստ Հովհաննիսյանի հարազատներին նույնպես զարմացրել են այս միակողմանի մեկնաբանությունները: «Եթե նրա հետ հոգեբաններ էին աշխատում, վիճակն այդքան վատ էր, ինչու ժամանակին ծնողին տեղյակ չե՞ն պահել, – վրդովվում է Էռնեստի հորաքույրը՝ Ֆլորա Հովհաննիսյանը, – մենք նրան ուրախ, քեֆով-սեղանով ճանապարհել ենք բանակ: Դեպքից մի օր առաջ մեր ընկերներից մի մեծահասակ տղամարդ գնացել է նրա մոտ, նրան էլ է ասել երեխեն, որ ամեն ինչ լավ է; Մեկ էլ հանկարծ նման բան ենք իմանում»:

Forrights-ի հարցին, թե ինքը հավատում է, որ տղան վատ հոգեվիճակում իրեն պատուհանից դուրս է գցել, Էռնեստի հայրը պատասխանում է. «Շատ բան են ասում, ամեն ինչի հո չե՞նք հավատա: Կամ եթե իրոք, վատ վիճակում է եղել, ու հետը հոգեբաններ են աշխատել, բա ինչու են հնարավորություն ստեղծել, որ իրեն պատուհանից կարողանա դուրս գցել»:

Էռնեստը ծանր վնասվածքներ ունի հիմնականում գլխի շրջանում: Խոսել կարողանում է, բայց ծնողները չեն ուզում առայժմ հարցեր տալ նրան կատարվածի մասին: Տարածվող լուրերին նրանք չեն հավատում: «Էնքան էլ լավ տեղ է ընկել, Ասկերանի զորամաս: Նա շատ գոհ էր: Մենք ամեն օր խոսել ենք իր հետ՝ լավ եմ, լավ եմ, ասում էր, – պատմում է Էռնեստի մայրը՝ Մարետա Շահինյանը, – ինքը շատ լավ տրամադրված գնացել է ծառայության, «դուխով» տղա է, նենց չի, որ իրեն մեկը կարող էր նեղացնել: Մենք չենք հասկանում, ինչը կարող էր իրեն ծայրահեղ արարքի դրդել»:

Էռնեստ Հովհաննիսյանը ողնաշարի հիվանդություն ուներ, որի պատճառով նրան ճանաչել են պիտանի սահմանափակումներով զինծառայության համար: Մայրը պատմում է, որ չնայած դրան, նա չի էլ փորձել ազատվել ծառայությունից: «Ինքը գիտեր, որ Ղարաբաղ պետք է գնա, մենք ոչ մի միջնորդություններ չենք արել, որ նրան ազատենք ծառայութնունից, – ասում է Մարետա Շահինյանը, – նա հիմա էլ լավ չի պատկերացնում իր վիճակը, ասում է՝ երբ եմ ոտքի կանգնելու, գնամ, շարունակեմ ծառայել»:

Իսկ տղայի հայրը ցույց է տալիս Չարբախի հավաքակայանում, զորամաս մեկնելուց առաջ արված լուսանկարները: «Նա գնալուց մեզ ուրախ ձեռքով արեց, շատ լավ տրամադրություն ուներ: Չեմ հավատում, որ առաջին օրից չի ուզել ծառայի»:

Դեպքից հետո ոչ մի պաշտոնյա Հովհաննիսյաններին չի այցելել, բացատրություններ չի տվել: Էռնեստի մոտ մի անգամ քննիչ է գնացել հոսպիտալ: Ընտանիքը սպասում է, որ Էռնեստը կապաքինվի և այն ժամանակ կպարզվի, թե, ինչ է իրականում կատարվել իրենց որդու հետ հունվարի 18-ին, Ասկերանի զորամասում:

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայք
Սյուզան Սիմոնյան