Search
Close this search box.

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին տեղափոխվել է հոգեբուժական կենտրոն. Այս պահին նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյան կրտսերը, որը ձերբակալվել էր դեկտեմբերին, տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն՝ նախկին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա։

Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյան կրտսերը ձերբակալվել էր դեկտեմբերի 27-ին՝ սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով։ Նրա մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել էր 2 հատ կացին և 16.5 սմ շեղբի երկարությամբ դանակ։ Դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու հատկանիշներով։ Սակայն նրան հետագայում մեղադրանք չի առաջադրվել եւ Արսենյանը դեռևս կարգավիճակ չունի։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեքենայի բեռնախցիկում առարկաներ հայտնաբերելու դեպքի վերաբերյալ վարույթի նախաքննությունը շարունակվում է, կարգավիճակ ունեցող անձ չկա, քրեական գործով արգելանքի տակ վերցված անձ չկա։

Ասել է թե՝ Արսենյանի՝ հոգեբուժական կենտրոնում գտնվելու հանգամանքը սույն վարույթի հետ առնչություն չունի։
ՔԿ-ից հայտնեցին, որ վարույթի շրջանակներում նշանակվել է դատատեխինկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, այլ փորձաքննություններ նշանակված լինելու վերաբերյալ տեղեկություն այս պահին առկա չէ։

Նշենք, որ Գուրգեն Արսենյան կրտսերն արդեն դատվածություն ունեցել է՝ երկու անգամ։ Առաջին գործը, որով Գուրգեն Արսենյանը դատապարտվել էր չորս տարի ժամկետով ազատազրկման, որը պայմանականորեն չէր կիրառվել՝ 2 տարի ժամկետով փորձաշրջանի սահմանմամբ, որից էլ համաներմամբ ազատ էր արձակվել, վերաբերում է 2016 թվականին Երևանի «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանությանը։ Երկրորդ դատվածությունը վերաբերում է հոր տանից 20.000 դրամի հափշտակությանը։ Մասնավորապես, ըստ գործի, Գուրգեն Գուգենի Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ավազակությամբ Արաբկիր վարչական շրջանի 38-րդ փողոցի 7-րդ առանձնատան խոհարարուհի Տոնյա Մանուկյանից գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, գնացել էր նշված բնակարան, դանակով սպառնացել, վնասել հոր համար թանկ համարվող պատի նկարներն և պահանջել իրեն տալ դրամապանակում եղած ամբողջ գումարը։ Հափշտակել էր 20000 դրամ և լսելով հոր ոտնաձայները, ձեռքին բռնած դանակները գցել էր գետնին և դիմել փախուստի:

Դատաքննության ընթացքում Գուրգեն Արսենյան կրտսերը մեղադրանքը չի ընդունել, պատմել է՝ հոր հետ վատ հարաբերությունների մասին։ Հենց այս գործի շրջանակներում էլ Արսենյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ վերջինս հոգեկան հիվանդ չէ, մեղսունակ է ճանաչվել, սակայն հանդիսացել է հիստերիկ տիպի շեշտված անձնավորություն։ Բացի այդ, ըստ բժշկական փաստաթղթերի՝ 2019թ-ին Արսենյանի մոտ ախտորոշվել է «Հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով»: Գուրգեն Գուրգենի Արսենյանը այդ թվականի փորձաքննության տվյալներով տառապել է F19.2 ախտորոշմամբ, ուստի՝ ունեցել է հարկադիր բուժման կարիք, ինչի համար հակացուցումներ չունի: Նշված գործով պատժի կրման հետ մեկտեղ, ըստ ազատազրկումը կրելու վայրի, նշանակվել էր հարկադիր բուժում՝ թմրամոլության դեմ։ Հետագայում Արսենյանը վաղաժամկետ ազատ էր արձակվել։