Search
Close this search box.

Նոր տեղեկություններ շրջափակված Արցախից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչները այսօր՝ հունվարի 4-ին, հանդիպել են Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստանի համայնքների բնակիչների հետ: Այս մասին գրում է Արցախպրեսը՝ հղում անելով Արցախի Հանրային հեռուստատեսությանը, որի հաղորդմամբ՝ արդեն 24 օր Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակ մնալու հետևանքները Ասկերանի շրջանի Խնածախ համայնքնում զգում են բոլորը:

Խնածախի բնակչուհի Ելիզավետա Դանիելյանը նշել է, որ ունեն նույն մտահոգությունները ինչպես բոլոր արցախցիները՝ կենցաղային հոգսեր, հիվանդների բուժման հետ կապված խնդիրներ և այլն:

Ըստ նրա համագյուղացի Մհեր Նիկողոսյանի՝ չնայած գյուղացիններն անասուններ, թռչուններ են պահում և իրենց որոշակի տնտեսությունն ունեն, սակայն պարենային որոշ ապրանքների պակասություն, այնուամենայնիվ, զգացվում է:

Ինչպես Խնածախում, այնպես էլ Այգեստանում տեղի բնակչությունը խորհրդարանի ու կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր առաջարկներն է ներկայացրել:

Հադրութից տեղահանված Անուշ Մայիլյանը Լուսաձոր համայնքում փոքրիկ խանութ է բացել: Շրջափակման հետևանքով այն գրեթե դատարկվել է:

«Ներկա պահին խանութում չկա շաքարավազ, ձավարեղենի տեսականի, որը ներկա պահին ժողովրդին շատ է անհրաժեշտ: Քաղցրավենիքով, լվացքի փոշիով կարողանում եմ օգնել ժողովրդին»,-ասել է Անուշ Մայիլյանը:

Նրա խոսքով՝ խանութը պակասող ապրանքներով բավարարելու համար տարբեր մարմինների է դիմել, բայց ապարդյուն:

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ համայնքներում իրենց հանդիպումների նպատակը խնդիրներին տեղում ծանոթանալն է, տեղի ունեցող քաղաքական գործընթացներին բնակչությանը ծանոթացնելը:

Ըստ նրա՝ հանրությանը հետ երկխոսության անհրաժեշտություն կար և եկել են խնդիրներին միասնական և դիմակայելու կոչով:

«Նախորդող շաբաթները ցույց տվեցին,որ ճիշտ մոտեցում ցուցաբերելու դեպքում հնարավոր է որոշակի մեղմել իրավիճակը:Սակայն հանդիպումների ընթացքը ցույց է տալիս, որ կան բողոքներ սոցիալական արդարության բաղադրիչի հետ կապված: Կարծում եմ աշխատանքներ դեռևս շատ կան անելու, մոտեցումները, մեխանիզմները հստակեցնելու, որպեսզի կարողանանք իրականում այս ճգնաժամային իրավիճակը ճիշտ կառավարել»,- ասել է խորհրդարանի ԱԺԿ խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն էլ կարևորել է միասնականության գիտակցումը:

«Մենք պետք է այսօր հասկանանք,որ մեր խնդիրը այսօր մեր միասնականության մեջ է: Եվ եթե մենք չկարողանանք մեկս մյուսին ներելով, միասնական որոշումներով ու ջանքերով այս իրավիճակց դուրս գալ, ապա պարտությունը բոլորինս է լինելու»,-համոզմունք է հայտնել Դավիթ Գալստյանը:

ԱՀ ԱԺ-ում ձևավորված խմբերը առաջիկա օրերին ևս կշարունակեն այցելությունները համայնքներ և հանդիպումները բնակչության հետ նրանց խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: