Search
Close this search box.

Ադրբեջանը ԼՂ-ում իսկապես ցեղասպանություն է նախապատրաստում․ Փաշինյան

Այսօր էլ ցեղասպանության սպառնալիքն ու վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ․ վերջին շրջանում էլ ավելի շատ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից մենք ահազանգեր ենք ստանում ցեղասպանության՝ որպես պոտենցիալ սպառնալիքի մասին։ Այդ մասին այսօը «Ընդդեմ ցեղասպանությունների» գլոբալ ֆորումի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները ԼՂ հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց ցավոք, հետագայում, քայլ-քայլ տեսանելի դարձան իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են էլ ավելի առարկայական։

«2021 թվականին արդեն մենք ականատես դարձանք իրողությունների, երբ ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձինք սպանվեցին ուղղակի տրակտորի ղեկին գտնվելիս»,- ներկայացրեց Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ՝ այդ ամենը զուգորդվում էր նրանով, որ Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին լուսային ուժեղ լուսարձակների միջոցով լուսավորում էին հայկական գյուղերի տները, միացնում էին իսլամական աղոթքի հրավեր ու բարձրախոսներով հայ բնակիչներին սպառնում՝ կոչ անելով լքել իրենց տները։

«Այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում իսկապես ցեղասպանություն է նախապատրաստում։ Դրա համար պետք է ընդգծել նաև Լաչինի միջանցքում տեղի ունեցող սադրանքները։ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է, և այն փակելը նշանակում է ԼՂ հայությանը նախապատրաստել ցեղասպանության՝ երեք տարբեր սցենարներով։ Առաջին տարբերակը հայաթափումն է, որի մինի մոդելը տեսնում ենք ԼՂ Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում։ Ընդ որում, պիտի ընդգծեմ, որ նոյեմբերի իննի հայտարարությունը նախատեսում է փախստականների վերադարձ ԼՂ և հարակից շրջաններ»,- նկատեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է երկրորդ ու երրորդ սցենարներին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք ինքնության կորուստն ու բուն ֆիզիկական ոչնչացումն են։