Search
Close this search box.

ԱԳՆ նախկին շենքի պատուհաները կոտրված, անձրևաջրերը ներսում․ Ինչու՞ շենքը հայտնվեց այս անմխիթար վիճակում․ Մութ գործարքի հետևանքները

Ազգային առաջընթաց կուսակցության Վարչության անդամ, փաստաբան Հայկ Գրիգորյանը գրում է․

Այսօր կանդրադառնամ ԱԳՆ-ի նախկին շենքի անմխիթար վիճակին, մշուշոտ ապագային և դրա սեփականաշնորհման մութ գործարքին
Նախորդ գրառումներումս արդեն անդրադարձել էի Երևան քաղաքի հիմնախնդիրներից մի քանիսին, դրանց լուծման ուղիներին, ինչպես նաև իշխանության դրսևորած անգործությանը դրանց հիմնահատակ լուծումներ տալու ուղղությամբ` նշելով, որ շարքը լինելու է շարունակական:

Հատուկ ուշադրություն էի դարձրել Երևանի պատմական կենտրոնի ճարտարապետական տեսքի աղճատման խնդրին, հրաշքով փրկված պատմամշակութային շենք-շինությունների անմխիթար վիճակին` խոստանալով հաջորդ գրառումներումս անդրադառնալ այս ոլորտում տիրող ամենաթողությանը և հանցավոր գործարքներին:

Այսօր ուզում եմ առանձին անդրադառնալ Երևանի հենց սրտում գտնվող` Հանրապետության Հրապարակի թամանյանական չորս մոնումենտալ շենքերից մեկին` ԱԳՆ-ի նախկին շենքին, որը ոչ միայն մայրաքաղաքի, այլև ողջ Հայաստանի այցեքարտերից է։ Այն ոչ միայն գտնվում է անմխիթար վիճակում, այլև ունի շատ անորոշ ապագա, որի ակունքը դրա սեփականաշնորհման մութ գործարքն է:
Հանրապետության Հրապարակով անցնելիս յուրաքանչյուր քաղաքացի իր աչքով կարող է տեսնել, թե ինչ բարձիթողի ու ամայի վիճակում է երբեմնի բանուկ այդ շենքը, տեղ-տեղ բացակայում են ապակիները, ինչի հետևանքով անձրևաջրերը լցվում են ներս։

Շենքի՝ Արամի փողոցի վրա գտնվող հատվածի պատից սկսել են թափվել տուֆի քարերը, անմխիթար վիճակում է նաև տանիքը: Պետք չէ լինել մասնագետ, հասկանալու համար, որ երկար չշահագործվելու և բարձիթողի վիճակում պահվելու դեպքում շենքը տարիների ընթացքում դառնում են վթարային և կանգնում փլուզման վտանգի առջև:

Այս առումով ճարտարապետական եզակի կոթող համարվող այս շենքը բացառություն չէ, նրան էլ է սպառնում նույն ճակատագիրը, եթե այն փրկելու ուղղությամբ շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն:
Իսկ ինչու՞մն է խնդիրը։ Ինչու՞ շենքը հայտնվեց այս անմխիթար վիճակում։

Ամեն ինչ սկսվեց 2012 թվականին՝ շենքը սեփականաշնորհելու մութ գործարքից: Ըստ էության Հանրապետության Հրապարակում պետական կարևորագույն նշանակության ճարտարապետական կոթող հանդիսացող նման շինություն ընդհանրապես չէր կարող սեփականաշնորհվել որևէ պատճառով: Ինչևէ, 2012 թվականին ԱԳՆ-ի շենքը $51 մլն վաճառվեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը:

Ըստ պայմանագրի, այդ շենքում վերանորոգումից հետո, որը պետք է իրականացներ Էռնեկյանին պատկանող մեկ այլ ընկերություն` «Սալսա Դեվելոփմենթը», տեղակայվելու էր հինգաստղանի միջազգային հյուրանոցային ցանցերից մեկին պատկանող նոր հյուրանոց: Թե ինչը դրդեց հայրենի կառավարությանը գնալ նման տարակուսելի գործարքի հարցի մի կողմն է, հարցի երկրորդ կողմը այն է, թե ինչու Էռնեկյանը, $51 մլն-ով Հանրապետության սրտում գնելով այդ բաղձալի գույքը, տաս տարվա ընթացքում այդպես էլ ձեռնամուխ չեղավ իր երազանքների հյուրանոցի կառուցմանը, շենքը թողնելով բախտի քմահաճույքին:
Իսկ պատճառը իմ ունեցած տեղեկություններով հետևյալն է՝

Բանն այն է, որ ԱԳՆ-ի նախկին շենքի վերակառուցման համար նախատեսված գումարները Էռնեկյանը հատկացրել է մեկ այլ նախագծի իրագործման համար: Իսկ ավելի կոնկրետ այդ գումարը տրամադրվել է «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին՝ Դալմայի այգիներում «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի նախագիծը իրականացնելու համար։ 110 միլիոն դոլար արժեցող այս նախագծի իրագործումը ֆինանսավորելու է «Կոնվերս բանկը», որը, ինչպես հայտնի է, նույնպես պատկանում է Էռնեկյանին:

Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Էռնեկյանը նախապատվությունը տվել է այս ծրագրին, այլ ոչ Հանրապետության Հրապարակում հյուրանոց կառուցելու բաղձալի գաղափարին: Բանն այն է, որ իմ ունեցած տեղեկություններով, սա յուրօրինակ «նվեր է» «Կոնվերս բանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր-Տաճատյանին այն բանի համար, որ նրա ջանքերի շնորհիվ Էռնեկյանին պատկանող «Կարաս» գինու բրենդը դատական համակարգի «օգնությամբ» գրանցվեց որպես ապրանքային նշան՝ զրկելով մյուս գինեգործներին իրենց արտադրանքի անվանման մեջ այդ բառն օգտագործելու իրավունքից:

Այս ամենը, սակայն, չի քննվել ու բացահայտվել գործող իշխանությունների կողմից, որոնք իբրև թե, անհաշտ պայքար են մղում նախկինների դեմ: