Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորտագրություն տարածեց

Ուկրաինական զորքերը շաբաթ օրը եւ կիրակի առավոտյան ավելի քան 20 խոշոր տրամաչափի հրետանային արկ են արձակել Զապորոժիեի ատոմակայանի տարածքի ուղղությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Կիեւի ռեժիմը չի դադարեցնում սադրանքները՝ Զապորոժիեի ատոմակայանում տեխնածին աղետի վտանգ ստեղծելու համար։ Նոյեմբերի 19-ի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետանին 11 խոշոր տրամաչափի հրետանային արկ է արձակել ատոմակայանի տարածքի ուղղությամբ։

Նոյեմբերի 20-ի առավոտյան ուկրաինական զորքերը երկու անգամ գնդակոծել են ատոմակայանի տարածքը։ Ժամը 09:15-ից 09:45-ը ընկած ժամանակահատվածում արձակվել է խոշոր տրամաչափի 12 հրետանային արկ: Դրանցից 8-ը պայթել է հինգերորդ էներգաբլոկի եւ թիվ 2 հատուկ շենքի միջեւ, երեքը հարվածել են չորրորդ եւ հինգերորդ էներգաբլոկների միջեւ, մեկը՝ թիվ 2 հատուկ շենքի տանիքին։ Ժամը 10-ից 10:10-ը ընկած ժամանակահատվածում եւս երկու արկ է արձակվել էլեկտրակայանը սնուցող էլեկտրահաղորդման գծի երկայնքով։

Հրաձգությունն իրականացվել է Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց բնակավայրի տարածքից, որը վերահսկվում է ուկրաինացի զինվորականների կողմից, հակառակորդի կրակային ուժը ճնշվել է ռուսական հրետանային ստորաբաժանումների պատասխան կրակով, հայտնում են ռազմական գերատեսչությունից։

Ուկրաինայի զինված ուժերի հրետանային գնդակոծության հետեւանքով վնասի հետեւանքները կպարզվեն Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության եւ Ռոսատոմի փորձագետների կողմից կայանի տարածքի ուսումնասիրությունից հետո»,- ասվում է զեկույցում։