Search
Close this search box.

Շնորհակալություն արդարությանը ծառայելու համար. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևի մասին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից Հայաստանին սատարող ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձևի ընդունմանը:

«Ժողովրդավարության բնօրրաններից մեկի՝ բարեկամ Ֆրանսիայի Սենատը Հայաստանին սատարող եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ է ընդունել։ Շնորհակալություն մեր գործընկերներին արդարությանը ծառայելու համար»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Սիմոնյանը։

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը նոյեմբերի 15-ին ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Ֆրանսիայի Սենատի բանաձևը պահանջում է

-հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը;

– կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք;

– առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում;

– վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ;

– առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը»։

Ըստ աղբյուրի՝ բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։