Search
Close this search box.

Ձերբակալվել է Երևանում 30-ից ավելի կրակոց արձակած քաղաքացին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բակում կրակոցներ հնչեցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ վայրում անհայտ անձի կողմից կրակոցներ հնչեցնելու և հայհոյելու մասին ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 16:14-ին: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն թաղամասի 44-ամյա բնակիչ է:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 31 հատ պարկուճ և 2 հատ փամփուշտ:

44-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 24 հատ S&B 7,62*25 գրառմամբ փամփուշտ: Վերջինիս կինը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել «COLT տեսակի», «Մակարով» տեսակի ատրճանակին նմանվող, ինչպես նաև «INFORCE» գրառմամբ ատրճանակներ, «ВЕПРЬ-КМ» տեսակի ինքնաձիգ, 66 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, 1 պարկուճ, 2 հատ փամփշտատուփ, որոնք առգրավվել են:

Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել համապատասխան փորձաքննություններ:

44-ամյա տղամարդը ձերբակալվել է ՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: