Search
Close this search box.

Ինչն է անհանգստացնում Իրանին Հայաստանում․ Փաշինյան

ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում որեւէ անհանգստություն չի առաջացնում Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ եւ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպմանը նման հարց չի բարձրացվել: Ըստ էության, Արեւմուտքը Հայաստանի Հանրապետությունում միշտ էլ ներկա է եղել: Ես կարծում եմ, որ մեր տված պարզաբանումները բավարար են Իրանի համար: Ես տպավորություն չստացա, որ քաղաքացիական առաքելության ներկայությունն Իրանում որեւէ անհանգստություն է առաջացնում: Այլ դերակատարների ներկայությունն է անհանգստացնում Իրանին մեր տարածաշրջանում, եւ այդ դերակատարներն ամենեւին էլ Հայաստանի Հանրապետության տարածքում չեն»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը կրկին կարեւորեց եւ բարձր գնահատեց ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը: Նրա խոսքով՝ դիտորդների առաքելության բուն նպատակը կրակոցների մասին ամենօրյա հայտարարություններ անելը չէ:

«Կարծում եմ, որ իրենք ավելի խորը հետեւություններ պետք է անեն եւ դրանք փոխանցեն դելիմիտացիայի գործընթացում ներգրավված պաշտոնյաներին եւ միջազգային հանրությանը: Վստահ եմ, որ այդ հետեւությունները կլինեն օբյեկտիվ: Իրենք հրադադարի ռեժիմի մոնիտորինգ չեն իրականացնում, իրենց առաքելության իմաստն առավել խորն է»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Իրանը եւ Ադրբեջանը շատ խոր մշակութային եւ տնտեսական կապերով իրար կապված բարեկամական երկրներ են, որոնք կարող են բանավիճել, սակայն դրանցում պետք չէ չափազանցություններ փնտրել: