Search
Close this search box.

Մոսկվայում ու Բաքվում քննարկում են ռուսական զորքը հանելու եւ Ակնայի հետախուզական կենտրոնին «լիազորությունները» փոխանցելու հարցը

Մոսկվան և Անկարան Հայաստանին կոչ են անում մինչեւ տարեվերջ ստորագրել «խաղաղության պայմանագիր» և սահմանազատում իրականացնել՝ գիտակցելով, որ իրավիճակը տարածաշրջանում արագորեն փոխվում է։ Միաժամանակ, Մոսկվան և Անկարան Հայաստանին ստիպում են «կամավոր» հրաժարվել ռուս-թուրքականից բացի այլ սխեմաներից։ Իսկ Հայաստանից ռուսական բազայի դուրսբերման և միջազգային օրինակարգ կազմակերպություններում սահմանային խնդիրների լուծման մասին ցանկացած հիշատակում պետք է որակել անթույլատրելի և թշնամական քայլ։

Ռուսաստանում արդեն տարբերակներ են քննարկում այն դեպքի համար, եթե Հայաստանում ռուսական բազա չլինի, միջազգային ուժեր հայտնվեն, եւ Մոսկվան դուրս մնա խաղից։ Միաժամանակ ռուս փորձագետները (Տարասով) հիշեցնում են օկուպացված հայկական Ակնայում ռուս-թուրքական «մոնիթորինգային» կենտրոնը՝ ակնարկելով, որ դրա ներկայությամբ ոչ մի եվրոպական առաքելություն չի կարողանա աշխատել։

Բաքվում նույնպես ասում են, որ ռուսական զորքերի դուրսբերումից հետո «անվտանգության մոնիտորինգի պատասխանատվությունը կարող է ստանձնել Աղդամի ռուս-թուրքական կենտրոնը, որի կազմը կարող է ընդլայնվել կողմերին բարեկամ պետությունների փոքր կոնտինգենտներով»:

Երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Փրայսն ասել է, որ տարածաշրջանում հավասարակշռությունը փոխվում է՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները։ «Միգուցե որոշ ուժեր այլեւս նախկինի պես արմատական ​​չեն։ Եվ փոփոխություններ անպայման կլինեն»,- ասել է նա։

Սա, ըստ էության, ոչ միայն Ռուսաստանի, այլեւ այլ արմատական ​​ուժերի հեռանալու մասին հայտարարություն է։ Երեւանին, կարծես թե, ավելի սրտամոտ են «ռուս-թուրքական կենտրոնը» և Ակնայի վերածումը տարածաշրջանի «վերահսկիչ կենտրոնի»։

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կարծում է, որ Ռուսաստանի անվտանգության պակտը չի ներառում Հայաստանը, և Ռուսաստանը կարող է որոշել, որ այլևս չի ցանկանում խաղաղապահ զորակազմ ունենալ Արցախում։ Միգուցե այս պահին անհրաժեշտ է, որ Հայաստանը նայի ՆԱՏՕ-ի ուղղությամբ,- ասում է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի կարող ավելին անել անվտանգության ոլորտում, քանի դեռ «Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, և Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»։

Երեւանում ձեւ են անում, որ չեն լսում այս հայտարարությունները եւ չեն տեսնում անխուսափելի հեռանկարը՝ Ռուսաստանը դուրս է բերելու իր զորքը, թուրքերին հանձնելով տարածաշրջանը։

Ինքնապահպանման բնազդը կհուշեր գլխավոր քայլը՝ Ռուսաստանի հետ անվտանգության պայմանագրերի չեղարկում, հիմքը՝ դրանք չեն կատարվում, միաժամանակ սահմանափակում են անվտանգային հնարավորությունները, ռուսական ռազմաբազայի դուրսբերում, Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի փակում, ինչպես նաև սահմանային խնդիրների լուծումը բացառապես միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Առայժմ Փաշինյանը հայտնել է, որ քննարկվում է ԵԱՀԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու հարցը։
lragir.am