Search
Close this search box.

Արցախի նախագահը Ռուբեն Վարդանյանին առաջարկում է պաշտոն

Արցախի նախագահը հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը: Այդ մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է Ֆեյսբուքում արած գրառմամբ:

«Բարերար, մեծ փորձ ու գիտելիքներ ունեցող հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին առաջարկել եմ ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ», – գրում է Հարությունյանը:

«Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը», – նշում է Արցախի նախագահը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կսկսեն առաջիկա շաբաթներին:

«Սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը», – ընդգծում է Արայիկ Հարությունյանը:

Գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 1-ին հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու ու Արցախ տեղափոխվելու մասին։ 54-ամյա Վարդանյանն առաջարկում է ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության ճակատ։ Նա նաև Արցախի կառավարությունում պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն է հայտնել: