Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Որդիական սիրով կհամբուրենք հերոս ծնած մայրերի ձեռքը. «Դիրքապահ» միավորման նախագահ

2016 թ.-ի ապրիլին հայ ազգը կրկին ցնցվեց: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, որոնք շարունակվեցին մինչեւ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմն ունեցավ 100 զոհ, և 100 ընտանիք ամեն օր ապրում է կորստի ցավով, բայց խաղաղության հույսով: Քառօրյա պատերազմ անունը ստացած ապրիլը մեզանից, ցավոք, շատերին տարավ, շատերից իրենց առողջությունը խլեց, բայց չկոտրեց նրանց ոգին: Հենց քառօրյայի մասնակիցները որոշեցին հիմնել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում՝ ապացուցելով, որ ոգին ամուր է և զգոն, ինչպես խրամատում կանգնած զինվորը:

«Դիրքապահ»-ը տարին սկսեց խորհրդանշական: Համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, միասին այցելեցին Գեղարքունիքի մարզ՝ քառօրյայի օրերին զոհված տասը հերոսների ընտանիքներին` Դավիթ Ռազմիկի Հայրապետյան, Նորիկ Զավենի Սարգսյան, Գագիկ Սուրիկի Մելքոնյան, Վրեժ Վարդանի Սարգսյան, Հարություն Հովհաննեսի Աբրահամյան, Արմեն Հայկի Մարտիրոսյան, Գուրգեն Ավետիկի Այվազյան, Արամայիս Յուրիկի Ոսկանյան, Կորյուն Կամոյի Հարութունյան, Իգր Պապիի Հակոբյան: Սա խորհրդանշական այց էր այն առումով, որ հերոսների մայրերի ձեռքը սեղմում են տղաներ, որոնք կռվի օրերին կողք- կողքի են եղել մարտիրոսված տղաների հետ: «Պարտավոր ենք մեր մարդկային պարզ, անկեղծ վերաբերմունքով ջերմություն փոխանցել նրանց հարազատներին։ Մեզ համար դժվար էր նայել նրանց մայրերի, հայրերի, հարազատ-բարեկամների աչքերին և մխիթարանքի խոսքեր գտնել: Հանուն հայրենիքի նրանք նվիրաբերել են ամենաթանկը՝ իրենց որդիների կյանքը։ Եվ մեզ համար անչափ ուրախալի էր, երբ տեսնում էինք, որ մեր զոհված տղաների ընտանիքներում փոքրիկ մանուկներ են ծնվել՝ միակ ճշմարիտ սփոփանքն ու լույսը դառնալով որդեկորույս ծնողների, հարազատների համար»,- ասում է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման նախագահ Մանուել Մանուկյանը , ում խոսքով նմանատիպ այցերը շարունակական են լինելու. «Կայցելենք Հայաստանի հեռավոր սահմանամերձ բնակավայրեր, կփոխանցենք մեր խոնարհումն ընկած տղաների ծնողներին և որդիական սիրով կհամբուրենք նրանց ձեռքը: Ցավում ենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են, սակայն հուսանք, որ հետագայում մյուս գերատեսչությունները նույնպես կմիանան մեր ծրագրին և իրենց ներդրումն ու աջակցությունը կունենան այս գործում»,- հավելում է «Դիրքապահ» ՀԿ նախագահը` պատրաստակամություն հայտնելով համագործակցել բոլոր կառույցների, բարերարների, անհատների հետ, ովքեր իսկապես ցանկանում են կանգնել հերոս զավակներ ծնած ընտանիքների կողքին:

Միաժամանկ Մանուել Մանուկյանը «Դիրքապահ»-ի տղաների անունից հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը, իրենց դիմումին արագ արձագանքելու, աջակցելու և համագործակցելու համար։

[smartslider3 slider=234]