Search
Close this search box.

Քրդերին ՀՀ ԱԱԾ–ն չի հանձնել Թուրքիային. ծառայություն անդրադարձել է արտահանձնման լուրերին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանը` ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ։

Հրապարակված հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է ծառայության լիազորությունների շրջանակից։ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունն արատավորող, երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները»։

ԱԱԾ–ն նաև նշում է, որ ծառայության հասցեին հնչող մեղադրանքներն ու քննադատություններն «անհիմն ու մերկապարանոց» են, չեն համապատասխանում իրականությանը և չունեն որևէ իրավական հիմք։ Ըստ ԱԱԾ–ի` նպատակը ԱԱԾ–ին թիրախավորելն է։
Հիշեցնենք` սոցիալական կայքերում առկա տեղեկատվության համաձայն` Հայաստանը Թուրքիային է արտահանձնել ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին։

Սոցիալական կայքերում տեղեկատվությունը տարածողները կատարվածի համար մեղադրում են ՀՀ ԱԱԾ–ին ու իշխանությանը` Թուրքիայի հետ քրդերի հարցում համաձայնության գալու մեջ։

Աթիլլա Չիչեքի և Հուսեյին Յըլդրըմի ձերբակալության մասին թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր սեպտեմբերի 23-ին` նշելով, որ վերջինները Քրդական աշխատավորական կուսակցության անդամներ են։

Նրանց ձերբակալության մեջ Հայաստանի մասնակցության մասին հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում։
«Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզման մեջ հայտնված PKK ահաբեկչական կազմակերպության երկու զինյալների ձերբակալման գործողություն է իրականացրել։ Աթիլլա Չիչեքն ու Հուսեյին Յըլդրըմն արդեն հասցվել են Թուրքիա»,– հայտնել էր Anadolun։

Ըստ թուրքական աղբյուրի` Չիչեքը մեղադրվում է 2012 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որի ժամանակ ռումբի պայթյունից 7 մարդ էր զոհվել, որոնցից 6-ը` զինվորական։ Ինչպես նաև` 2020 թվականի օգոստոսի 25-ին Ագրա նահանգի Դողուբեյազիտ շրջանում ահաբեկչություն կազմակերպելու համար։