Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Պուտինը հայտարարություն է արել կապված հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ

ՀԱՊԿ գծով միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Կրեմլում հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ դիմելով օտարերկրյա պետությունների դեսպաններին։
ՌԴ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել նաև ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը:
«Նշեմ, որ կազմակերպության գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանի իրադրության սրման կապակցությամբ։ Դիմակայության գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է գործերի վիճակի ուսումնասիրման արդյունքներով առաջարկություններ պատրաստել Հավաքական անվտանգության խորհրդին», – ասել է ՌԴ նախագահը ։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում ։

«Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հաստատակամորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին», – ասել Է նա։
Պուտինը նշել է` պետք է ելնել նրանից, որ լուծման բանալին հայ – ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի շրջանակում մասնագիտական, համատեղ աշխատանքն է՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
ՌԴ նախագահը շնորհավորել է նաև հայ ժողովրդին գալիք Անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ և ռազմավարական դաշնակիցներ են:

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը Անկախության օրվա կապակցությամբ, որը նշվելու է վաղը», – ասել Է նա։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: