Search
Close this search box.

Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի դեմ ագրեսիան պլանավորվել է նախապես.դատախազությունը տվյալներ ունի

ՀՀ գլխավոր դատախազությունը տվյալներ է ձեռք բերել, որ ադրբեջանական ԶՈւ–ն ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ագրեսիան պլանավորել է նախապես։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Ադրբերջանը տևական ժամանակահատվածում միջոցներ է ձեռնարկվել նախահարձակ ռազմական գործողությունների համար արհեստական հիմքեր ստեղծելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիա իրականացնելու փաստի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ագրեսիայի, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի հանցավոր խախտումների և պատերազմական հանցագործությունների կատարման վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում դատախազությունը ձեռք է բերել տվյալներ, որ Ադրբեջանի ԶՈւ–ն հրթիռա-հրետանային միջոցների, ԱԹՍ-ների, ինչպես նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, տարբեր զորամիավորումների ներգրավմամբ կանխամտածված գրոհների թիրախ են դարձել ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայված ՀՀ ԶՈւ՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի մարտական հենակետերը, զորամասերը, զինտեխնիկան, որը հանգեցրել է մարդկային և նյութական կորուստների:

Բացի այդ, դիտավորությամբ և ազգային ատելության շարժառիթներով հարվածներ են հասցվել բազմաթիվ բնակավայրերի՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, բնակելի տները, քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով մի քանի քաղաքացիական անձ ստացել է մարմնական վնասվածքներ:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են գործողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության դեմ հերթական հանցավոր ոտնձգությունների, ագրեսիայի նախապես պլանավորման և իրականացման, դրանց ընթացքում գործած պատերազմական հանցագործությունների, միջազգային հումանիտար իրավունքների կոպիտ խախտումների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման ուղղությամբ՝ տեղի ունեցածին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելու, ինչպես նաև միջազգային իրավական համապատասխան մեխանիզմների գործադրման նպատակով:
Ագրեսիայի ակտի հանգամանքների, այդպիսիք հիմնավորող փաստերի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազը իրազեկել է նաև գործընկեր պետությունների գլխավոր դատախազներին:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։