Search
Close this search box.

Ի՞նչ ճանապարհով են երեկ ռազմագերիներին վերադարձրել և ինչ են պատմում ծնողները

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը հինգ հայ գերի է վերադարձրել։ Նրանք այս անգամ Հայաստան են վերադարձել ոչ թե օդային ճանապարհով, այլ ցամաքով։ Գերիների վերադարձը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին։ Իսկ թե որ սահմանին՝ ՊՆ-ից դժվարացան ասել, քանի որ այդ հարցով ԱԱԾ-ն է զբաղվում։ Hraparak.am-ի տեղեկություններով, հայ գերիներին Բաքվից նախ տեղափոխել են ԼՂ-ի տարածք, որից հետո Շուշիի մատույցներում հանձնել ռուսական զորակազմին։

Պաշտպանության նախարարությունից լրատվամիջոցին ասել են նաև, որ հայ գերիները գիշերը 1 անց կեսի մոտակայքում են հասել Երևան, և անմիջապես այցելել Զինվորական կենտրոնական հոսպիտալ, որտեղ բժշկական հետազոտություն են անցել, խնդիրներ չեն հայտնաբերվել նրանց մոտ, որից հետո դուրս են եկել։ Դուրս են եկել, սակայն, ինչպես պարզվեց, տուն չեն հասել։ Կայքի տեղեկություններով, նրանք դեռ ՀՀ Քննչական վարչությունում են։ «Այո, տղաս վերադարձել է, բայց դեռ չեմ տեսել իրեն, զանգով խոսեցի հետը, դեռ տուն չենք տարել։ Ինքը ՄՈԲ-ով էր զորակոչվել, 1 տարի 8 ամիս է՝ գերության մեջ էր, մենք չգիտեինք, պատկերացում էլ չունեինք, որ երեկ իրենց կբերեին, լրիվ անակնկալ էր»,- ասել է երեկ գիշեր գերությունից վերադարձած 25-ամյա Ֆելիքս Գրիգորյանի հայրը՝ Արտաշես Գրիգորյանը։

Նշենք, որ վերադարձած գերիներից 4-ը Շիրակի մարզից են՝ Գյումրի քաղաքից։ Նրանք բոլորն էլ ՄՈԲ պահեստազորայիններ են, որոնք գերության մեջ են հայտնվել 2020 թ-ի նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո։

«Երեկ ամենասկզբում , վերադարձողների ցուցակում առաջինը իմ որդու անունն է գրված եղել, ու մեկ էլ հանեցին, պատկերացնում եք՝ մեր ընտանիքի վիճակը, մեր ապրումները, մի տարի 9 ամիս է՝ գերության մեջ է․․․ »,-ասել է գյումրեցի պահեստազորայինի մայրը՝ տիկին Հայկուշը։ Հարցին՝ որտեղ էր գրված, ով հանեց, պատասխանել է․ «Լրատվամիջոցները, չեմ հիշում որը, բայց գրել էին․․․»։

Շիրակի մարզի Այգաբաց համայնքից գերեվարված 23-ամյա պահեստազորային Ռոբերտ Գևորգյանի հայրը՝ Հովհաննես Գևորգյանը, նույնպես ակնկալում էր, որ որդին վերդարձողների շարքում է։ Ավելի ուշ տեղեկացավ, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամ, նրա անունը բացակայում է ցուցակում։

«Արդեն փորձ ունեի, նախորդ անգամվա նման չոգևորվեցի, էն ժամանակ էլ ասեցին՝ բերում են, չեկավ, հայրս էդ դարդից մեռավ, թոռանն էր սպասում, էս անգամ համբերեցի՝ մինչև պաշտոնական չհրապարակեցին»,- ասել է Ռոբերտի հայրը։ Բաքվի դատարանը որդուն դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ «Ամսի մեկին եմ տղուս հետ խոսել, դե ասում է ՝ լավ եմ․․․․․։ Եկածներից մեկի հոր հետ կապվեցի, աչքալուս տվեցի, ասեցի՝ տարոսը մեզ լինի, տեսնեմ՝ հարմարեցնեմ, կհանդիպեմ իրենց»,-ասել է նա։