Search
Close this search box.

Ի՞նչ է փոխվել Վլադիվոստոկում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո

Վլադիվոստոկում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Կրեմլը չի հաստատել Պուտինի Հայաստան կատարվելիք այցը, թեկուզ Լավրով-Միրզոյան օգոստոսի 31-ի հանդիպման մասին հաղորդագրության մեջ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է Պուտինի հայաստանյան այցի նախապատրաստման մասին։

Դատելով Փաշինյանի հեռավորարևելյան հայտարարություններից՝ նա տարածաշրջանում ապակայունացում է սպասում՝ հաշվի առնելով, որ «անվտանգության ոլորտում ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ»։ Նա հիշեցրել է, որ նման իրավիճակ էր ստեղծվել 2020 թվականին, երբ «Ադրբեջանը, օգտվելով այն բանից, որ համաշխարհային հանրության ու Ռուսաստանի ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսի վրա, պատերազմ սկսեց»։

Ընդ որում, Փաշինյանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման գործում նյուանսներ կան», որ Հայաստանը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ հասնել հաղորդակցությունների բացման, բայց «բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար սուվերենությամբ, որոնցով դրանք անցնում են»։ Փաշինյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։

Եթե համադրենք այս հայտարարությունները, ստացվում է, որ Հայաստանը համաձայն չէ «միջանցքի» բացմանը իր իրավազորությունից դուրս, որը պահանջում են Մոսկվան և Բաքուն, այդ պատճառով հնարավոր է համարում ապակայունացում, որի պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա։

Արդյոք դա նշանակում է, որ Պուտինի այցից առաջ տարածաշրջանում իրավիճակը կարող է ապակայունանալ։ Դրա տեղեկատվական նախապատրաստությունն արդեն սկսվել է՝ Բրյուսելի հանդիպումից անմիջապես հետո Բաքուն սկսեց ապատեղեկատվություն տարածել հայկական կողմից կրակոցների մասին։ Սեպտեմբերի 5-ին ադրբեջանական կրակոցից զոհվեց հայ զինծառայող։ Այսօր էր ՀՀ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից ինտենսիվ գնդակոծության և պատասխան գործողությունների մասին։
lragir.am