Search
Close this search box.

Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

Բրյուսելում նախատեսված հանդիպման նախօրեին ԵԽ նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։

Այդ մասին եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է թվիթերի իր միկրոբլոգում.

«Բրյուսելում չորրորդ հանդիպմանն ընդառաջ այսօր նախապատրաստական զանգեր եմ ունեցել Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։

Ավելի ուշ Հայաստանի կառավարությունից հայտնեցին, որ զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ Հայաստանի կառավարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում կկայան Փաշինյան-Ալիև հանդիպում։ Նրանք Բրյուսելում երեք հանդիպում են անցկացրել՝ 2021 թ. դեկտեմբերի 14-ին, 2022-ի ապրիլի 6-ին ու մայիսի 23-ին։