Search
Close this search box.

Վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երկու զինծառայողների վիրավորվելու լուրը թաքցնելու մասին հրապարակումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ թվում էր մենք արդեն անցել ենք այս թեման, հաղթահարել ենք այս բարդույթը: ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ տեղեկատվական թափանցիկության հստակ քաղաքականությունը ամեն օր երեւում է կոնկրետ քայլերով: Մենք որեւէ բան թաքցնելու միտում չունենք եւ չենք թաքցրել եւ անտրամաբանական է զինծառայողի զոհվելու փաստը ներկայացնելու օրը մեզ մեղադրել ինչ որ բան թաքցնելու մեջ:

Սակայն նույն ժամանակ վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել: Բազմիցս փաստարկված հիմնավորել ենք, որ եթե զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ապա նպատակահարմար չէ, նրանց վիրավորվելու լուրը հաղորդել եւ հակառակորդին հստակ փաստ ներկայացնել իր աշխատանքի արդյունավետության մասին, երբեմն նաեւ այլ բաների մասին:

Սրանից ավել բան չեմ կարող ասել, կարծում եմ մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ մեր իրազեկվածության աստիճանը չպետք է գերազանցի մարտական խնդիրներ կատարող մարդկանց կյանքը վտանգելու աստիճանը»