Search
Close this search box.

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել «Վովայի Արշակին»

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի՝ «Վովայի Արշակին»։ Դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ արդեն վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ Արշակ Հակոբյանի նկատմամբ նկատմամբ 562 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման դեմ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 22-ին վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արշակ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Դատարանը հուլիսի 29-ին մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարացվել է մեկ ամսով (մինչև 2022թ.-ի օգոստոսի 29-ը): Միաժամանակ, դատարանը բավարար է ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի հնարավորությունը և կիրառել գրավ՝ 562 միլիոն ՀՀ դրամի չափով: Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Հակոբյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից։

Դատախազությունից ավելի վաղ հայտնել էին, որ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդության քննությանը դատախազները չեն մասնակցել, դիրքորոշում չեն հայտնել։ Հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների գնահատմամբ նախաքննության տվյալ փուլում բացի կալանքից , այլ խափանման միջոցն ի զորու չի եղել ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Ներկայացված վերաքննիչ բողոքը դեռևս չի քննվել։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը մեղադրվում է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով /երկու դրվագ/ և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով) համար։