Search
Close this search box.

ԱՄՆ զգուշացումները Ռուսաստանին ու Թուրքիային․ Ինչու է Վաշինգտոնը դեռ «խնայում»

ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում հայտարարել են, որ ռուսների կողմից օկուպացված Զապորոժիեյի ատոմակայանում հնարավոր սադրանքի դեպքում գործի է դրվելու ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Մեկնությունն այն է, որ աղետի դեպքում միջուկային արտահոսքից տուժելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։

Սա երկրորդ զգուշացումն է Պուտինին, միջուկային թեմայով։ Առաջին զգուշացումը հետեւեց միջուկային ուղիղ հարվածների ռուսական սպառնալիքներին․ ամերիկացիները Պուտինին հասկացրին, որ գիտեն տեղակայման բոլոր վայրերը, հետեւում են տեղաշարժերին եւ կարող են կանխիչ հարվածներ հասցնել, այդ թվում՝ Պուտինի թաքստոցին։ Դրանից հետո միջուկային տակտիկական հարվածների սպառնալիքները դադարեցին։

Հիմա Ռուսաստանին զգուշացնում են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի գործարկմամբ։ Ուկրաինայում ռուսական սպառազինության ցածր որակների ու կոնվենցիոն պատերազմ վարելու ցածր կարողությունները կասկած չեն թողնում, որ դա լուրջ սպառնալիք է։ Ավելին, Բայդենին ու արեւմտյան այլ առաջնորդներին փորձագետները նախատում են Ուկրաինային մատակարարվող սպառազինության անբավարարության համար, նկատի առնելով, որ եղած մատակարարումներն արդեն իսկ փոխել են պատերազմի ընթացքը։

Իր հերթին, ԱՄՆ-ն զգուշացրել է Թուրքիային՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին աջակցելու համար։ Պուտինը ներկայում պարենային, էներգետիկ ու միջուկային սպառնալիքներով փորձում է հասնել իր պայմաններով հրադադարի՝ Էրդողանին դարձնելով բացառիկ միջնորդ այս հարցում։ Դրա դիմաց Էրդողանը ստացել է քաղաքական ու տնտեսական լուրջ բոնուսներ Պուտինից, ինչը նաեւ թուրքական տնտեսությունը փրկելու եւ նախագահական ընտրությունները շահելու շանս է Էրդողանի համար։ Պուտինն ու Էրդողանը փորձում են ցորենի գործարքով եւ շանտաժով դուրս գալ հրադադարի բանակցությունների։

Այս ֆոնին ուշագրավ է, որ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել գնել ուկրաինական ցորենը եւ մատակարարել այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն եւ որոնք դարձել են Պուտինի ու Էրդողանի շանտաժի շահառուները։

ԱՄՆ-ն առայժմ զգուշացնում է միջազգային երկու «բանդիտներին»։ Շատերն են հարցնում, թե ինչու է ԱՄՆ-ն դեռ «խնայում» նրանց։ Պատասխանը թերեւս պարզ կլինի շատ շուտով։

Lragir.am