Search
Close this search box.

«Դա Ուկրաինայի պարտությունն է»․ Հայաստանը նույն ճանապարհին

Ուկրաինան այժմ օբյեկտիվորեն Ռուսաստանի հետ բանակցելու «մոտիվներ» չունի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, տեղեկցնում են ուկրաինական զլմ-ները։

«Այսօր Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները կնշանակեն միայն մեկ բան. որ Ռուսաստանը հաղթել է… Բանակցություններն այսօր՝ դա Ուկրաինայի պարտության արձանագրումն է, Եվրոպայի, ժողովրդավարական արժեքների՝ որպես այդպիսին, պարտությունը: Եվ դրան կհետեւի համաշխարհային անվտանգության ողջ համակարգի, արժեհամակարգի անկումը։ Այսօր ցանկացած բանակցություն՝ առկա մուտքային հնարավորություններով, կհանգեցնի քաղաքակրթական աղետի: Պատրա՞ստ եք գնալ դրան: Այն գինը, որ Ուկրաինան արդեն վճարել է և վճարում է, շատ ավելի բարձր է, քան այսօր ուղղակիորեն հրադադարի հնարավորությունը», ասել է Պոդոլյակը՝ մեկնաբանելով ուկրաինական հարցերով բրիտանացի փորձագետ Թիմոթի Էշի կարծիքն այն մասին, որ խաղաղության բանակցությունները կարող են վերսկսվել 2022 թվականի նոյեմբերին, եթե Ուկրաինայի զինված ուժերը ստանան ռազմավարական առավելություն Խերսոնի շրջանում։

Խորհրդականի խոսքով՝ խաղաղ բանակցություններն այսօր Ուկրաինայի համար ոչ մի հարց չեն լուծում։ Մասնավորապես, Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ սահմանազատման նոր գիծ սահմանելը կնշանակի ամրագրել նոր «կրիմինալ անկլավներ», որոնք քարոզչության միջոցով օգտագործում է Ռուսաստանի Դաշնությունը՝ հետագայում նոր պատերազմ սկսելու համար, կարծում է Պոդոլյակը։

«Մենք վեց ամսում կամ մեկ տարում կստանանք պատերազմ այլ դրդապատճառներով, այլ կատարողներով, եթե ստանանք սահմանազատման նոր գիծ, ​​ամբողջ կենտրոնը և հարավային Ուկրաինան կմնան առանց մարդկանց և ավերակների մեջ, ոչ ոք փող չի ներդնի, ոչ ոք չի վերադառնա այն տները, որոնք պատերազմի գծում են, հետաձգված պատերազմի, մենք կստանանք տնտեսության անկում, սոցիալական հարաբերությունների անկում։ Այսինքն՝ այսօրվա բանակցային գործընթացը նույնն է, ինչ ուզում էր Պուտինը՝ ուկրաինական պետականության ոչնչացում, միայն թե այլ ճանապարհով», ասել է նա։

Բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, որ Ուկրաինայի դեմ արշավը Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավի «շարունակությունն է»․ Պուտինին ոգեւորել էր հաջողությունը Հայաստանում, ընդ որում՝ իշխանության ու ռուսանպաստ ընդդիմության երախտագիտության տարափի տակ։ Պուտինի ուզածը հենց դա էր՝ Հայաստանի ոչնչացում, որի համար հայերը պետք է երախտապարտ լինեն։

Ուկրաինայի նախագահականի խորհրդականի խոսքերում ակնհայտ է իրավիճակի նմանությունը Հայաստանի դեմ արշավի պլանավորման ու նպատակների հետ։ Դա բնական է, քանի որ դա մշակվել է նույն կենտրոնում՝ Կրեմլում, պարզապես Հայաստանի դեմ Մոսկվան գործել է թուրքերի թիկունքում, Կրեմլի կոյուղատարներից հայկական մեդիա-քաղաքագիտական դաշտին իջեցված համապատասխան հրահանգներով։

Ուկրաինայի նախագահականի խորհրդականի նկարագրած հեռանկարը լիուլի վերաբերում է նաեւ Հայաստանին՝ «խաղաղ օրակարգի» անվան տակ ընթացող՝ Հայաստանի պետականության ոչնչացման ռուսական պլանների արագացման պայմաններում։

lragir.am