Search
Close this search box.

Չավուշօղլուն Վրաստանում խոսել է նաև Հայաստանի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, գրում է ermenihaber-ը։

Չավուշօղլուն նշել է, որ իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններից, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, ինչպես օրինակ, Ուկրաինայում տիրող իրավիճակին և Ղարաբաղի հարցին:

Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, ասել է.

«Վրաստանը կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թիֆլիսում, ինչի համար շնորհավորում եմ իրենց: Ադրբեջանի արտգործնախարար, իմ եղբայր Ջեյհունի հետ հեռախոսազրույցի ընթացքում էլ նա գոհունակություն հայտնեց այս այցերից ու հանդիպումներից»:

Չավուշօղլուն նշել է նաև, որ 3+3 ձևաչափը դեռևս չի կայանում, քանի որ բացակայում է Վրաստանը։ Բայցևայնպես ընդհանուր ջանքեր կան, և բոլորի նպատակը, ընդհանուր նպատակակետը Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատումն է: