Search
Close this search box.

Ընդդիմության պատասխանը իշխանության ժեստին. ինչ է սպասվում աշնանը

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել է սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու մասին, ասելով սակայն, թե դա անելու է սեփական օրակարգով: Ինչ է դա նշանակում, թերևս պարզ կլինի հենց սեպտեմբերին, երբ արդեն գործնականում կերևա, թե ինչի համար է խորհրդարանական ընդդիմությունը վերադառնում խորհրդարան: Եթե այդ վերադարձը այն ամենը շարունակելու համար, որ մինչ այժմ տեղի է ունեցել թե խորհրդարանում, թե հետո դրանից դուրս՝ փողոցներում և հրապարակներում, ապա խորհրդարան վերադարձը չունի որևէ քաղաքական իմաստ, որևէ հանրային և պետական օգտակարություն: Հնարավոր է իհարկե այդ վերադարձը «պատասխանն» է քաղաքական իշխանության ժեստին, որը հրաժարվեց ընդդիմությանը մանդատից զրկելու նախաձեռնությունից: Սակայն այդ ամենը գործնականում կմնա լոկ փաթեթային, ձևական տրամաբանության շրջանակում, իսկ բովանդակային առումով քաղաքականությունը Հայաստանի խորհրդարանում և դրա շուրջ կշարունակի լինել դատարկ:

Մեծ հավանականություն, որ սեպտեմբերին ընդդիմության խորհրդարանական վերադարձը կարող է տարբերվել մինչ այդ եղած իրողություններից, թերևս չկա: Իհարկե կարող է լինել փոքր հույս, բայց հայաստանյան ներքաղաքական կյանքը մինչ այժմ զարգացել է ավելի շուտ այդ հույսերը ի դերև հանելու և հանրային որևէ դրական սպասում հուսախաբ անելու տրամաբանությամբ: Նախադրյալ, որ այժմ կարող է լինել այլ տրամաբանություն, գոնե առայժմ նշմարելի չէ: Իհարկե իրենք քաղաքական միավորները կարող են փոխել այդ դասավորությունը, սակայն առայժմ չի նշմարվում որևէ այդպիսի հեռանկար: Առավել ևս, որ խորհրդարանական ընդդիմությունը ներկայումս վերադասավորման փուլում է, ինչը նշանակում է, որ քանի դեռ տեղի է ունենում այդ գործընթացը, սպասել վարքագծային էական փոփոխություն, թերևս իրատեսական չէ: Հայաստանի համար կա այլ կարևոր հարց: Իսկ ի՞նչ քաղաքական միտումներ կարող են լինել այսպես ասած խորհրդարանական միջավայրից դուրս:

Կարո՞ղ է աշունը քաղաքական նոր որակ ու բովանդակություն առաջացնել Հայաստանի այսպես ասած արտախորհրդարանական հատվածում կամ սեգմենտում: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու այն օրերին, երբ խորհրդարանական ընդդիմությունը դուրս էր եկել փողոց, Հայաստանի բուն խնդիրը այն չէր, ինչ ծավալվում էր փողոցում: Հայաստանի բուն խնդիրն այն է, որ այդ շրջանակից դուրս գտնվող քաղաքական տարածքներում, հասարակական տարածքներում գործնականում չի ծավալվում շատ թե քիչ շոշափելի տրամաչափի ներուժ և տրամաբանություն պարունակող որևէ այլ հասարակական-քաղաքական գործընթաց, որ կարող է արժանանալ թե Հայաստանի հանրության կայուն հետաքրքրության, թե նաև հետաքրքրության արժանանալ Հայաստանի միջազգային գործընկերների շրջանում: Խոշոր հաշվով, ներքաղաքական թիվ մեկ խնդիրը, ռազմավարական խնդիրը Հայաստանի համար այսօր այն չէ, թե ինչպես կաշխատի հունիսի 21-ին ձևավորված խորհրդարանը: Այդ խորհրդարանը գործնականում չունի էապես այլ որակով աշխատելու գործնական հեռանկար: Հայաստանի ռազմավարական խնդիրն այն է, թե ի՞նչ տեմպով, ծավալով ու դինամիկայով կարող է հասարակական-քաղաքական միջավայրում խմորվել նոր խորհրդարանի ներուժ, որպեսզի շատ թե քիչ դիտարկելի լինի, որ խորհրդարանի որևէ նոր ընտրություն տալու է թե թվային, թե բովանդակային այլ արդյունք: Ի վերջո, այդ գործընթացի բացակայությունն է նաև, որ ներկայումս գոյություն ունեցող «տրենդներին» տալիս է ինքնապահպանման և իբրև քաղաքական երևույթ՝ վերարտադրման հնարավորություն:
1in.am